Մի շարք գազալցակայանների սեփականատերեր խուսափել են շուրջ 2 մլրդ դրամի հարկային պարտավորություններ կատարելուց

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատեր Վ.Կ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող և իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող թվով 18 գազալցակայաններում։
Բացի այդ, գլխավոր վարչությունում քննվում է նաև մի շարք գազալցակայանների սեփականատեր Ն.Գ.-ի և մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող և իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։
Ն.Գ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող թվով 18 գազալցակայաններում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշումներով վերը նշված քրեական վարույթներով ստեղծվել են քննչական խմբեր, որոնցում ընդգրկվել է 50 քննիչ։
Քննչական խմբերը 2025 թվականի մարտի 7-ին ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների ակտիվ օժանդակությամբ և մասնակցությամբ թվով 36 գազալցակայաններում, ինչպես նաև քննությանը հետաքրքրություն ներկայացնող 7 այլ հասցեներում իրականացրել են միաժամանակյա խուզարկություններ։
Քրեական վարույթներով 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը կազմակերպելը) և 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը):
7 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4-ի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: