Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է հանցագործությունն առերևույթ կատարած անձը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվում են Գյումրի քաղաքում 37-ամյա կնոջ սպանության դեպքի հանգամանքները:
2022թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 08:00-ին, հաղորդում է ստացվել օպերատիվ տվյալների իրացմամբ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն կատարվելու վերաբերյալ։
Անմիջապես դեպքի վայր ժամանած քննչական-օպերատիվ խումբը դեպքի վայր հանդիսացող բնակարանի հյուրասենյակ-ննջասենյակի հատակին հայտնաբերել է 37-ամյա կնոջ դի:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախաքննությամբ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՌԴ՝ 2002թ․ ծնված քաղաքացի։
Մասնավորապես քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում։ Նշված բնակարանում վարձակալությամբ բնակվող անձի և վերջինիս հետ համատեղ բնակվող նրա ընկերուհու՝ 1985թ ծնված, ՌԴ քաղաքացի Ե․Բ․-ի միջև անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում, նախնական տվյալներով, տղամարդը նրան հասցրել է մարմնական վնասվածքներ՝ պատճառելով մահ և հեռացել դեպքի վայրից:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ ներկայացնելով ընկերուհուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ քննությանը հետաքրքրող էական հանգամանքներ:
Նախաքննական մարմնի որոշմամբ, անմիջականորեն առաջացած հիմնավոր կասկածի հիմքով, նա ձերբակալվել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ: Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: