Լրահոս
03.06.24, 17:12

Համացանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու և 77.761.545 ՀՀ դրամի չափով փողերի լվացման վարույթի նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է

Համացանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու և 77.761.545 ՀՀ դրամի չափով փողերի լվացման վարույթի նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է

Պարզվել են 2017-2023 թվականների ընթացքում «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքի հանգամանքները։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևանի 27–ամյա բնակիչը 2017-2023 թվականների ընթացքում «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված «B․․․․» անվանմամբ առցանց խանութ-հարթակի միջոցով, ինչպես նաև այլ եղանակներով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապահովել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ձեռքբերումը, առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում։ Թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են և ծրագրային հավելվածի միջոցով նշվել դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները։

Այնուհետև, պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը փոխանցելու նպատակով, «B․․․» անվանումով առցանց խանութ-հարթակից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրվել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների, այդ թվում՝ 27–ամյա երիտասարդի կողմից շահագործվող հեռախոսահամարի միջոցով «Քոինբեյզ» հարթակում մտացածին՝ այլ անձի անվամբ գրանցված դրամապանակի տվյալները։ Դրանց վրա հիշյալ անձինք կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և առցանց խանութ-հարթակի կողմից տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար։ Այնուհետև փոխանցման անդորրագիրն ուղարկել են «B․․․․» անվանումով առցանց խանութ-հարթակին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:

Հանցավոր գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները հանցակիցների հանձնարարությամբ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, բուքմեյքերական ընկերություններում բացված օգտահաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված և վերոնշյալ սխեմայով տարբեր օգտահաշիվների փոխանցված գումարը կազմել է ընդհանուր 77.761.545 ՀՀ դրամ, որը ստացվել ու տնօրինվել է 27–ամյա երիտասարդի և ինքնությունը դեռևս չպարզված վերոնշյալ անձանց կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Երիտասարդի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Նկարագրված հանցավոր գործողություններում ներգրավված այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: