Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձանց կողմից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ՝ Երևան քաղաքում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն:
Հ.Մ.-ն անշարժ գույքերի՝ ՀՀ-ից բացակայող սեփականատերերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հանցավոր կազմակերպության մեջ է ներգրավել Երևանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող Տ.Վ.-ին, ով Հ.Մ.-ին է տրամադրել սեփականության իրավունքով Ս.Ա.-ին պատկանող հողատարածքի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ վերջինիս անձնագրի պատճենը:
Այնուհետև, Հ.Մ-ն մշակված հանցավոր սխեմայի մասին տեղեկացրել է ընկերոջը՝ փաստաբան Ա.Ղ.-ին, ում առաջարկել է որոշակի մասնաբաժնի դիմաց վերը նշված անշարժ գույքի գործարքը կատարել նրա ծանոթ նոտարի մոտ, ինչին վերջինս համաձայնել է:
Արդյունքում, 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կեղծ լիազորագրի հիման վրա կնքված պայմանագրով Ս.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը նվիրատվությամբ հանձնվել է Հ.Մ.-ին: Վերջինս նշված անշարժ գույքը 384 մլն 655 հզր ՀՀ դրամով վաճառել է Ա.Դ.-ին, իսկ Ա.Ղ.-ին՝ որպես մասնաբաժին տվել է 40 հզր ԱՄՆ դոլար:
Բացի վերը նշված դեպքը, Ա.Ղ.-ն Հ.Մ.-ին առաջարկել է Երևանում գտնվող մեկ այլ բնակարանի վերաբերյալ, որի սեփականատերը մահացած է, ևս կեղծ լիազորագիր պատրաստել և օտարել, ինչի արդյունքում 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրով խարդախությամբ հափշտակվել է Ռ.Ք.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը, որը սեպտեմբերի 13-ին Հ.Մ.-ն 40 մլն 450 հզր ՀՀ դրամով օտարել է Ա.Ա.-ին: Գործարքից հետո ստացված գումարից 31 հզր ԱՄՆ դոլարը որպես մասնաբաժին առձեռն փոխանցվել է Ա.Ղ.-ին:
2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ա.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև հանցավոր կազմակերպության ղեկավարի՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և մասնակիցների նկատմամբ:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: