Հանդիսավոր միջոցառում՝ ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյակի կապակցությամբ (լուսանկարներ)
Հոկտեմբերի 11-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ իրավապահ, դատաիրավական համակարգի մարմինների, ինչպես նաև՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամները, ծառայողները, համակարգի վետերաններ և այլ հրավիրյալներ։
Ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը, ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյա հոբելյանի կապակցությամբ, շնորհավորել է համակարգի ծառայողներին, անդրադարձել Հայաստանի իրավապահ համակարգերում իրականացվող բարեփոխումների ընթացքին, դատաիրավական համակարգից արդարության և արդարադատության իրացման հետ կապված պետության և հանրության ակնկալիքներին։
Շնորհավորական ելույթով է հանդես եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Կոմիտեի ղեկավարը հակիրճ ներկայացրել է կառույցի կազմավորման պատմաքաղաքական նախադրյալները, կայացման անցած 10–ամյա ճանապարհի հիմնական իրողությունները:
Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ 2014թ. Կոմիտեի ձևավորմամբ նախանշված՝ միասնական, գերատեսչական ենթակայությունից դուրս նախաքննական մարմնի ձևավորման հայեցակարգային նպատակի իրագործումը հնարավոր է դարձել միայն վերջին տարիներին մեր երկրում զարգացող ժողովրդավարական բարեփոխումների աննախադեպ գործընթացների արդյունքում։
Կարևոր ձեռքբերում է համարվել Կառավարության որոշմամբ այս տարի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի հիմնադրումը, որը հնարավորություն է տալու բարձրացնելու ապացուցողական և վարութային այլ գործողությունների իրականացման ընթացքում ցուցաբերվող փորձաքրեագիտական օժանդակության արդյունավետությունը, ապահովելու ավելի արագ նախաքննություն։
Արգիշտի Քյարամյանը շեշտել է, որ Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխության արդյունքում շեշտակի բարձրացել են քննիչների սոցիալական երաշխիքները, ինչի հետևանքով աճել է Կոմիտեում ծառայության գրավչությունը։ Վերջինս իր հերթին հնարավորություն է տվել ներդնելու համակարգում ծառայության անցնելու հայտ ներկայացնողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների, նրանց հոգեբանական ու բարոյական որակների ստուգման ու գնահատման ավելի բարձր չափորոշիչներ։
Արգիշտի Քյարամյանը խոսել է նաև Քննչական կոմիտեի զարգացման տեսլականից՝ նշելով, որ գերնպատակը ՀՀ քաղաքացուն ավելի արդյունավետ ծառայություններ մատուցելն է, որը պետք է իրականացվի ավելի արագ և որակյալ նախաքննության ապահովմամբ։
ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետի հուշամեդալով, շնորհակալագրով և արժեքավոր նվերով են պարգևատրվել Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ինքնավար պաշտոն զբաղեցնող թվով 9 ծառայող։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պարգևների հանձնման արարողություն։
Հանդիսավոր միջոցառումը շարունակվել է մշակութային մասով, որի ընթացքում, գեղարվեստական յուրօրինակ լուծումներով ու համերգային կատարումներով արժևորվել են Հայաստանում իրավունքի և իրավական մտքի զարգացման պատմական արժեքները, երկրում իրավակարգի պաշտպանության գործում և քրեական արդարադատության ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի առաքելությունն ու քննիչների անխոնջ աշխատանքը։