Հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել՝ հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ուղարկելու ժամկետների խախտումներն այսուհետ բացառելու ուղղությամբ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ քննչական կոմիտեի որոշ ծառայողների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագրերն ուշացումով ներկայացնելու հարցի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՔԿ Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Թ.Պետրոսյանը, Ներքին անվտանգության վարչության պետ Գ.Նավասարդյանը, Զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Ա.Մելիքյանը, ՀՀ ՔԿ դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Հ.Կիրակոսյանը:
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հանձնարարել է պարզել հայտարարագրերն ուշացումով ներկայացնելու պատճառները և միջոցներ ձեռնարկել՝ այսուհետ ժամկետների խախտումը բացառելու ուղղությամբ:
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ուղարկվել՝ հայտարարագրերը սահմանված ժամկետից ուշ ներկայացրած անձանց ցուցակը՝ հիշեցնելով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը սույն օրենքով և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի և ժամկետների պահպանմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»: