Լրահոս
16.01.19, 08:25

Հարուցվել է քրեական գործ 40-ամյա տղամարդու` առանձին դաժանությամբ սպանության դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է

Հարուցվել է քրեական գործ 40-ամյա տղամարդու` առանձին դաժանությամբ սպանության դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 40-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է մեկ անձ:

2019թ. հունվարի 15-ին՝ ժամը 13:20-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:16-ին, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ՝ «որովայնի շրջանի հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ: Տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ 2019թ. հունվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 2019թ. հունվարի 16-ին, առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է:

Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի և ավտոմեքենայի զննություններ, վերցվել են նմուշներ, կատարվել խուզարկություններ և առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք: 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: