Հարուցվել է քրեական գործ՝ Երևանում կրակոցներ արձակելու դեպքի առթիվ (տեսանյութ, լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցում կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով 2021թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցում կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ` վնասելով այն: Այնուհետև, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, վերջինս նույն փողոցում գտնվող խանութի մոտ, ապա՝ Երևան քաղաքի Արաբկիր 17 և Ռիգա փողոցների հատման վայրում կրակոցներ է արձակել դեպի օդ և դիմել փախուստի:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է 10 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է կրակոցներից առաջացած 12 հետք: Հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են դատաձգաբանական, հետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի` 1983թ. ծնված բնակիչ է:
Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ 38-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: