Լրահոս
16.02.15, 12:30

Հարուցվել է քրեական գործ՝ գործարար Աբրամ Ամիրխանյանի մահվան դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ գործարար Աբրամ Ամիրխանյանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Աբրամ Ամիրխանյանի մահվան դեպքի առթիվ։

2015 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 10:40-ին, Նոր Հաճն քաղաքի հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 7/1 հասցեում կա տղամարդու դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ նշված հասցեում գտնվող առանձնատան 2-րդ հարկի ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1954 թվականի ծնված Աբրամ Իսակի Ամիրխանյանի դին ( «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն):

Դիակի արտաքին զննությամբ հրազենային վնասվածք է հայտնաբերվել նրա կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին։ 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դիակի կողքին հայտնաբերվել է «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նաեւ 1 հատ գնդակ: 

Դեպքի առթիվ 16.02.2015թ. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Ա.Ամիրխանյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։