Լրահոս
20.07.18, 10:13

Հարուցվել է քրեական գործ՝ հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի կերպով հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի կերպով հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի կերպով հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ:

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած գործարքների ուսումնասիրության արդյունքները, որոնք առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ։

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ տարածքում հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին։ Ընդ որում, 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության:

Նախնական տվյալներով՝ Հայաստանում գրանցված ընկերությունների և ակտիվների սեփականությունը և դրանց տնօրինումը իրականացվում է միևնույն կենտրոնից, ինչի հետևանքով ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպություններ հայտնվել են մեկ կազմակերպության կառավարման տակ, ինչը հանգեցրել է ապրանքային շուկաներում մրցակցության կրճատմանը և կենտրոնացվածության մեծացմանը:

Նկատի ունենալով, որ նշված ընկերությունների պատասխանատու անձանց գործողություններում առերևույթ առկա են հակամրցակցային գործունեության հատկանիշեր՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: