Հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի բնակիչների՝ ականապայթյունային վիրավորում ստանալու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի բնակիչների ականապայթյունային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 12-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի երեք բնակիչ, խոտաբույսեր հավաքելու նպատակով, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերի միջանկյալ տարածք, որտեղ պայթել է պայթուցիկ սարք, ինչի հետևանքով բնակիչներն ստացել են վնասվածքներ։ Բնակիչներից մեկն ստացել է ականապայթյունային վիրավորում՝ աջ բազկի ստորին երրորդի տրավմատիկ ամպուտացիա, մարմնի աջ և ձախ կեսերի բազմաթիվ բեկորային վնասվածքներ, իսկ մյուս երկուսը՝ ականապայթյունային վիրավորում՝ ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: