Պաշտոնական
18.10.17, 07:16

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն զարգացնում է երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների հետ. Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր (Լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն զարգացնում է երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների հետ. Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր (Լուսանկարներ)

Հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով Երևան են ժամանել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը։

Հյուրերին այսօր ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, առանձնազրույց ունեցել, որից հետո ստորագրվել են երկկողմ փոխըմբռնման հուշագրեր` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների միջև։ Հուշագրերն ստորագրել են երեք երկրների քննչական կոմիտեների նախագահները։

«Հուշագրերի ստորագրումը նոր էջ է բացում Քննչական կոմիտեների փոխգործակցության համար՝ հնարավորություն տալով խորացնել համագործակցությունը մինչդատական վարույթի ոլորտում փորձագիտական հետազոտությունների նոր մեթոդների, քրեագիտական ձեռքբերումների, մասնագիտական վերապատրաստումների, գիտագործնական սեմինարների, գիտաժողովների անցկացման, ինչպես նաև՝ համատեղ կարևորություն ունեցող մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման համար»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը և համոզմունք հայտնել, որ հուշագրերի դրույթների կիրարկումը կդառնա տարածաշրջանում մինչդատական վարույթ իրականացնող մարմինների համագործակցության ամրապնդման լավագույն դրսևորումներից մեկը։

Հուշագրի ստորագրումից հետո մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստը։