Հարցազրույցներ
22.03.23, 06:01

Հայկական ֆիլմերում քննիչի կերպարը աղավաղված է․ ավագ քննիչ Գոհար Արասխանյան Iravaban.net

Հայկական ֆիլմերում քննիչի կերպարը աղավաղված է․ ավագ քննիչ Գոհար Արասխանյան Iravaban.net

Կանանց միջազգային օրվա առթիվ Iravaban.net-ը «Ներկայացնում է քննիչը» շարքի շրջանակներում զրուցել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Գոհար Արասխանյանի հետ։

Նրա համար ոլորտում աշխատելու մոտիվացիան յուրաքանչյուր նոր դեպքով նոր հանգամանքների վերհանումն է, բացահայտումը։ Գոհար Արասխանյանը կարծում է, որ քննիչի աշխատանքը ստեղծագործական բնույթ ունի։

-Քննչական կոմիտեում առավել շատ տղամարդիկ են աշխատում. նման կոլեկտիվում աշխատելը դժվա՞ր է։

-Ինձ համար դժվար չի եղել։ Սովորել եմ Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում, այնուհետև աշխատել եմ ոստիկանության համակարգում, հիմա էլ աշխատանքս շարունակում եմ Քննչական կոմիտեում։ Իմ մասնագիտական գործունեության ողջ ընթացքում հիմնականում աշխատել եմ տղամարդկանց շրջապատում։ Տղամարդ ծառայողների կողմից հարգանքը և ուշադրությունը դեպի կին աշխատակիցները շատ մեծ է։ Իրավապահ համակարգում, այդ թվում, Քննչական կոմիտեում կնոջ ներկայությունը կարևոր նշանակություն ունի՝ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կնոջ յուրահատուկ տեսակետի և մոտեցման շնորհիվ:

-Որո՞նք են եղել ոստիկանության ակադեմիան, իրավապահ համակարգում աշխատելը ընտրելու Ձեր պատճառները։

– Ես սիրում եմ իրավաբանի մասնագիտությունը, ինձ գրավել է հանցանքների քննությամբ զբաղվելու հեռանկարը։ Հասուն տարիքում եմ ընտրել մասնագիտությանս ուղությունը, որոշումս գիտակցված և կշռադատված է եղել։

Ինձ համար իրավապահ համակարգում՝ հատկապես հանցագործությունների  քննության ոլորտում աշխատելու մոտիվացիան յուրաքանչյուր նոր դեպքով նոր հանգամանքների վերհանումն է, նոր իրողության բացահայտումը, և ընդհանրապես, գործի բացահայտման գործընթացը՝ ինձ համար ամենահետաքրքիրն է, իսկ վերջնարդյունքին հասնելը՝ ամենակարևոր մոտիվացիան։ Քննիչի աշխատանքը ստեղծագործական աշխատանք է, քրեական վարույթներով քննիչն է որոշում քննության ուղղությունը, քննության մեթոդներն ու գործողությունները:

-Ընտանիքի անդամները ինչպե՞ս ընդունեցին քննիչ դառնալու Ձեր որոշումը։

– Իմ ընտրած ուղու հետ կապված ընտանիքի անդամների հետ երբեք խնդիրներ չեմ ունեցել։ Նրանք միշտ աջակցել են ինձ, օգնել են ու ես գիտեմ՝ իմ որոշումներում միշտ իմ կողքին են:

Լսե՞լ եք այսպիսի արտահայտություն «Քննիչի աշխատանքը կնոջ համար չէ»։ Ինչպե՞ս եք արձագանքել։

– Այո, լսել եմ նման արտահայտություն: Այդ կարծիքը ինձ խորթ է, ընդունելի չէ։ Այդպիսի արտահայտություններ անում են, հիմնականում, ոլորտի հետ առնչություն չունեցող անձինք, նման արտահայտություն լսել եմ իմ դպրոցական ընկերներից: Հասարակության մեջ կա կարծիք, որ քննիչի աշխատանքը կնոջ համար չէ, սակայն ես դրա հետ համամիտ չեմ: Կինը կարող է ցանկացած աշխատանք կատարել, այդ թվում՝ քննիչի։

Ներկայումս կնոջ դերն ավելի է բարձրանում կյանքի և աշխատանքի գրեթե բոլոր բնագավառներում, այդ թվում, հանցագործությունների քննության ոլորտում, ինչը պայմանավորված է մարդկության և հասարակության զարգացմամբ: Նախկինում կինն անգամ ընտրություններին մասնակցելու հնարավորություն չի ունեցել։

Կարծում եմ, հասարակության կայացման և էլ ավելի զարգացման հետ միասին նման արտահայտություններն ընդմիշտ կվերանան։

Հաճախ է ֆիլմերում ներկայացվում քննիչների կերպարը։ Որքանո՞վ է էկրանին ցույց տրվածը համապատասխանում իրականությանը։

– Այստեղ նշանակություն ունի, թե որ երկրի արտադրության ֆիլմերի մասին ենք խոսում։ Մենք կոլեկտիվում երբեմն քննարկում ենք հայկական ֆիլմերում ներկայացված քննիչների կերպարները։

Ցավոք, պետք է նշեմ, որ հայկական ֆիլմերում քննիչի կերպարը աղավաղված է՝ քննիչի պահվածքը, խոսքը, ինչպես նաև օրենքը շատ վատ է ներկայացվում։ Իրականությունից դրանք շատ հեռու են, որը, կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ սցենարիստները չեն հասկանում քննիչի աշխատանքի էությունը, տեղյակ չեն, թե ինչ աշխատանք է կատարում քննիչը, և ինչ իրավասություններ ունի։ Պետք է նշեմ, որ Քննչական կոմիտեի քննիչներն ունեն բավականին գրագետ և ճկուն խոսք, ինչը ֆիլմերում չի ներկայացվում:

-Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ եք։ Ինչո՞վ է Ձեզ հետարքրքում այս ոլորտը, ի՞նչ բարդությունների եք հանդիպում։

-Կիբեռհանցագործությունների քննությունն ինձ համար քրեական վարույթների քննության ամենահետաքրքիր տեսակն է։ Այն էապես տարբերվում է այլ հանցագործությունների քննությունից, բացի այդ՝ ոլորտը անդադար զարգանում է և պետք է կարողանալ այդ զարգացմանը զուգահեռ ավելացնել գիտելիքները և կատարելագործել հմտությունները: Մեր դեպքում հնարավոր է մեկ տարի առաջ ունեցած մեթոդներով այսօր կատարված քննությունը արդյունք չտա։ Ոլորտի մարտահրավերները, աճն ու զարգացումը գրավում են ինձ։

Ոլորտի զարգացմանը համընթաց, կիբեռհանցագործությունների քննությունն ավեի արդյունավետ դարձնելու նպատակով Քննչական կոմիտեն փորձում է ապահովել մեզ համապատասխան անհրաժեշտ տեխնիկայով և համակարգերով, որի արդյունքում մենք՝ Քննչական կոմիտեն ունի քրեագիտական լաբորատորիա, որը տարածաշրջանում լավագույններից մեկն է համարվում։

-Աշխատանքային պրակտիայի ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ զղջացել եք ընտրած մասնագիտության համար։

-Լինում են դեպքեր, երբ գործով փակուղու առաջ եմ կանգնում և դա նյարդայնացնում է ինձ, այդ պահերին ընտրածս աշխատանքն ինձ շատ բարդ է թվում, սակայն դա մի քանի րոպե է տևում. պահեր են, որոնք անցնում են և աշխատանքի արդյունքի վրա հետք չեն թողնում: Ընդհանուր առմամբ՝ երբեք չեմ զղջացել։

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: