ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևանի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:
Այդ ընթացքում խուլիգանության մասնակիցներից մի քանիսը, փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրենց մոտ գտնվող ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նրանցից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցների շարքի ուղղությամբ, որոնք դիպել են ոստիկանության ծառայողներից մեկի ձեռքում գտնվող ոստիկանական վահանին։ Արդյունքում, խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը, և նույն եղանակով խափանվել է հանրային միջոցառումը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նկարագրված խուլիգանական գործողությունների 5 մասնակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է։