ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին (Լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին։
ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել դատաիրավական բարեփոխումների իրականացմանը և հատկապես մինչդատական վարույթի արդյունավետության բարձրացմանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ցուցաբերած աջակցությունը։
Ա.Հովսեփյանը փաստել է, որ ԵԱՀԿ-ի հետ տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության մեխանիզմների արդյունքում զգալի աշխատանքներ են կատարվել նախնական քննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության, քննիչների վերապատրաստման և, ընդհանրապես, քննչական կոմիտեի կարողությունների զարգացման ուղղությամբ։
ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը շրջայց են կատարել քննչական կոմիտեի վարչական շենքում, ծանոթացել նոր տեխնիկական հնարավորություններին, քննիչներին վերապատրաստելու նպատակով անհրաժեշտ ուսումնական, մեթոդական ձեռնարկներ տպագրելու համար նախատեսված տպարանի աշխատանքներին, որը քննչական կոմիտեին է տրամադրել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։
Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել՝ արդյունավետ փոխգործակցության համար և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին, գրասենյակի իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանին պարգևատրել «Համագործակցության մեդալ»-ով։