ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական հարցերով կցորդ տիկին Քեթլին Քենինգի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական հարցերով կցորդ տիկին Քեթլին Քենինգի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական հարցերով կցորդի օգնական, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ տիկին Մառլեն Բենսոնը, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջազգային համագործակցության վարչության Եվրասիայի բաժնի հատուկ վերահսկող գործակալ Ռիք Էթցլերը, կենսաչափական փորձաքննություններով զբաղվող փորձագետներ:
Զրուցակիցները քննարկել են հանցագործությունների բացահայտման ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր: ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները ներկայացրել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցները հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ՔԿ հարցմանն ի պատասխան ԱՄՆ-ում կատարված քննչական գործողությունների արդյունքները և ձեռք բերված ապացույցները:
Բարձր գնահատելով կատարված աշխատանքը` ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանն արձանագրել է, որ ձեռք բերված ապացույցները ոչ միայն կնպաստեն առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքի բազմակողմանի քննության ապահովմանը, այլև լավ հիմք կդառնան տարբեր քրեական գործերով երկու երկրների քննչական մարմինների միջև փոխգործակցության ամրապնդմանը, հանցագործությունների բացահայտմանը:
Կողմերը ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ` համագործակցությունը շարունակելու և զարգացնելու վերաբերյալ: