Փաստաթղթեր
19.10.21, 18:06

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգ

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգ

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության քննչական
Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի
05.09.2018թ. որոշման

Հավելված

Հայաստանի Հանրապետության քննչական
Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի
19.10.2021թ. որոշման
 

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

I.ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության կազմակերպման կարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք), սույն աշխատակարգով, ինչպես նաև այլ իրավական ակտերով։   

II.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

3. Հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որի կազմում են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ, Կոմիտեում՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, Կառավարության նշանակած 4 ներկայացուցիչ։ Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով։

4. Հանձնաժողովի անդամներն անկախ են։ Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է։

5. Հանձնաժողովն ունի նախագահ, անդամներ և քարտուղար։

6. Հանձնաժողովի կազմում ընդգրկված կոմիտեի նախագահի տեղակալը Հանձնաժողովի նախագահն  է:

7. Հանձնաժողովում նոր անդամների նշանակումներն օրենքով սահմանված կարգով կատարվում են Հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը։

8. Հանձնաժողովի քարտուղարի գործառույթներն իրականացվում է Կոմիտեի համապատասխան քաղաքացիական ծառայողի կողմից։ 

                  III.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

9. Հանձնաժողովը՝
1) Քննարկում է  կարգապահական վարույթ հարուցելու  մասին միջնորդությունները.
2)  իրականացնում է լսումներ.
3)  անհրաժեշտության դեպքում դիմում է կարգապահական վարույթին վերաբերելի նյութեր տրամադրելու համար.
4) քննարկում է անձին Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակից հանելու  միջնորդությամբ Կոմիտեի նախագահին դիմելու հարցը.
5) քննարկում է քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց տարկետում տրամադրելու հարցը.
6) իր իրավասության շրջանակներում ընդունում է որոշումներ.
7) սահմանում է կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը.
8)  իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ  լիազորություններ

10. Հանձնաժողովի նախագահը՝
1)  կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2)  հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.
3) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, որոշումներն ու Հանձնաժողովի կողմից կազմված այլ փաստաթղթերը.
4) հաստատում է նիստի օրակարգը,
5)  Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում, իր լիազորությունների իրականացումը հանձնարարում է Հանձնաժողովի անդամներից մեկին.
6)  սույն կարգով սահմանված կարգով ներկայացնում է ինքնաբացարկ.
7)  իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ  լիազորություններ, ինչպես նաև օգտվում է Հանձնաժողովի անդամի լիազորություններից։

11. Հանձնաժողովի անդամը՝
1) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին.
2) Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդություններ.
3) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։

12. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
2) Հանձնաժողովի նիստի օրակարգի, տեղի և ժամանակի մասին նիստից առնվազն երեք օր առաջ գրավոր կամ կապի միջոցներով տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին, Կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը, իսկ Կոմիտեի աշխատակցին, ում նկատմամբ քննվելու է կարգապահական խախտման հարցը՝ Հանձնաժողովի նիստի տեղի և ժամանակի մասին.
3) Հանձնաժողովի անդամներին, առերևույթ կարգապահական խախտման մեջ մեղադրվող կոմիտեի աշխատակցին տրամադրում է Հանձնաժողովի կողմից քննության առնվելիք հարցերի վերաբերյալ համապատասխան նյութեր, նախնական ուսումնասիրության արդյունքում կազմված եզրակացության օրինակներ.
4) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ կազմում է որոշման նախագծեր, իրականացնում է Հանձնաժողովի նիստերի նախապատրաստման հետ կապված աշխատանքներ.
5) հաշվառում և պահպանում է կարգապահական վարույթի վերաբերյալ նյութերը.
6) կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները.
7)  ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ  լիազորություններ։

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։ Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են Հանձնաժողովի առնվազն 5 անդամ: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ Հանձնաժողովի անդամներից մեկը։ Հանձնաժողովի անդամը նիստին ներկայանալու անհնարինության դեպքում՝ այդ մասին նախօրոք տեղյակ է պահում Հանձնաժողովի նախագահին։

14. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող գերազանցել 3 շաբաթը, բացառությամբ Կոմիտեի աշխատակցի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել Կոմիտեի աշխատակցի բացակայության ժամանակահատվածով:

15. Հանձնաժողովի նախագահը կամ անդամը չի մասնակցում կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության քննարկմանն ու վարույթին, եթե ՝
1) առերևույթ կարգապահական խախտման մեջ կասկածվող կոմիտեի աշխատակցի մերձավոր ազգականն է (Հայաստանի Հանրապետության  քրեական դատավարության օրենսգրքով սահմանված մերձավոր ազգական).
2) կասկածվում է քննարկվող առերևույթ կարգապահական խախտման մեջ.
3) առերևույթ կարգապահական խախտման մեջ կասկածվող կոմիտեի աշխատակցի  անմիջական վերադասն է կամ տվյալ ստորաբաժանման պետն է.
4) առերևույթ կարգապահական խախտման մեջ կասկածվող կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի (այսուհետ՝ կոմիտեի աշխատակից)  անմիջական ենթական է կամ տվյալ ստորաբաժանման աշխատակիցը: 

16. Հանձնաժողովի անդամը ենթակա է բացարկի կամ վերջինս ներկայացնում է ինքնաբացարկ, եթե՝
 1) կանխակալ վերաբերմունք ունի կարգապահական վարույթի  մասնակցի (Կոմիտեի աշխատակցի, կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում կամ դիմում ներկայացրած մասնավոր անձի) նկատմամբ.
2) ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով կամ առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ Հանձնաժողովի անդամի անաչառության վերաբերյալ:
17. Առերևույթ կարգապահական խախտման մեջ կասկածվող կոմիտեի աշխատակիցը, կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում կամ դիմում ներկայացրած մասնավոր անձը սույն աշխատակարգի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունեն Հանձնաժողովի նախագահի կամ տվյալ անդամի վերաբերյալ բացարկի միջնորդություն ներկայացնելու։

18. Բացարկի միջնորդությունների վերաբերյալ որոշումը ընդունում է Հանձնաժողովը քվեարկությամբ` նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամը, ով ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն կամ ում նկատմամբ ներկայացվել է բացարկի միջնորդություն, չի մասնակցում քվեարկությանը։ Հանձնաժողովի անդամի ինքնաբացարկը արձանագրվում, ընդունվում է ի գիտություն և վերջինս չի մասնակցում վարույթի իրականացմանը:

19. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքում։ Անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել նաև հեռավար և արտագնա նիստեր: Հանձնաժողովի անդամը (անդամները), Կոմիտեի աշխատակիցը (աշխատակիցները), Կոմիտեի ներքին անվտանգության վարչության ներկայացուցիչը (ներկայացուցիչները) Հանձնաժողովի նիստին մասնակցում են իրենց համար նախընտրելի՝ Կոմիտեի կենտրոնական մարմնում ներկա գտնվելու կամ Հանձնաժողովի նիստին հեռավար միանալու եղանակով:
(խմբագրվել է Հանձնաժողովի 10.04.2023թ. որոշմամբ)

20. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է։ Հանձնաժողովի որոշմամբ՝ կողմի միջնորդությամբ  կամ սեփական նախաձեռնությամբ նիստերը կարող են ձայնագրվել և տեսագրվել։ Խորհրդակցական սենյակում քննարկումները ենթակա չեն տեսաձայնագրման: Ձայներիզներն ու տեսաերիզները կցվում են արձանագրությանը՝ որպես հավելված։ Հանձնաժողովի նիստի արձանագրությունը, որը ներառում է նաև քննարկված բոլոր հարցերի քվեարկությունների արդյունքները, ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը։

21. Նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են՝
1)  նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) նիստը սկսելու և ավարտելու ժամը.
3)  նիստին ներկա Հանձնաժողովի նախագահի (նախագահողի), անդամների և քարտուղարի անունը, ազգանունը, պաշտոնը.
4)  տեղեկություններ Հանձնաժողովի կողմից քննվող հարցի վերաբերյալ.
5)  տեղեկություններ նիստին մասնակցող անձանց ներկայանալու վերաբերյալ.
6) նիստին մասնակցող անձանց հայտարարությունները, միջնորդությունները և բացատրությունները.
7) Կոմիտեի աշխատակիցների, այլ անձանց բացատրությունները.
8) տեղեկություններ նյութերի հրապարակման, զննման և հետազոտման վերաբերյալ.
9)  տեղեկություններ ընդունված որոշումների և դրանց բովանդակության վերաբերյալ։

22. Հանձնաժողովը՝ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ կայացնում է որոշումներ։
 

ԲԱԺԻՆ 2

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ 
V. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՓՈՒԼԵՐԸ 

23. Կարգապահական վարույթը բաղկացած է կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննարկման, լսումների և որոշման կայացման փուլերից:
 

VI. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

24.  Կարգապահական խախտման փաստի առթիվ Կոմիտեի աշխատակցի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ Կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ:

25. Հանձնաժողովի անդամի միջնորդության հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրության եզրակացությունը և նյութերը ներկայացվում են Հանձնաժողովի նախագահին և միջնորդություն ներկայացրած անդամին։ Նախնական ուսումնասիրության եզրակացությունը պարտադիր չէ միջնորդություն ներկայացրած Հանձնաժողովի անդամի համար։

26. Կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական խախտումը հայտնաբերելուց հետո 30-օրյա ժամկետումբայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո: Նշված Ժամկետը հաշվարկվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից գրավոր կամ կապի միջոցներով Հանձնաժողովի անդամներին կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը սույն կետում նշված միջոցով կամ միջոցներով տեղեկացնելու օրվանից: 

VII. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

27. Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության առկայության դեպքում Հանձնաժողովի նախագահը բացում է Հանձնաժողովի նիստը՝ հայտարարելով, թե ինչ հարց կամ հարցեր են ենթակա քննարկման, ինչպես նաև սահմանում է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման հերթականությունը։

28. Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության քննարկման արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը բավարարելու և կարգապահական վարույթ հարուցելու կամ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը մերժելու մասին։

29. Հարուցված կարգապահական վարույթի առկայության պայմաններում, Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում, նույն անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ նոր միջնորդություն ստանալու դեպքում Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել նրա նկատմամբ նոր կարգապահական վարույթ հարուցելու և  վարույթները միացնելու մասին:

30. Նույն անձի վերաբերյալ մեկից ավելի կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության առկայության դեպքում Հանձնաժողովը սույն աշխատակարգով սահմանված կարգով կարող է որոշել դրանցով մեկ կարգապահական վարույթ հարուցելու հարցը, որի ժամկետը հաշվարկվում է սույն կետում նշված վարույթների միացման մասին որոշման կայացման օրվանից:

31. Տարբեր անձանց վերաբերյալ մեկ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության առկայության դեպքում Հանձնաժողովը սույն աշխատակարգով սահմանված կարգով կարող է որոշել դրանցով մեկից ավելի կարգապահական վարույթ հարուցելու հարցը, որի ժամկետը հաշվարկվում է սույն կետում նշված վարույթների անջատման մասին որոշման կայացման օրվանից:

32. Կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը մերժվում է, իսկ հարուցված կարգապահական վարույթը դադարեցվում է, եթե՝
1)   կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող Կոմիտեի աշխատակիցը մահացել է, կամ անհայտ բացակայող, կամ մահացած է ճանաչվել, և կարգապահական պատասխանատվության ենթակա Կոմիտեի այլ աշխատակիցներ չկան.
2)    կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող կոմիտեի աշխատակիցը պաշտոնից ազատվել է Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով.
3)   լրացել է սույն կարգի 47-րդ կետով նախատեսված՝ կարգապահական վարույթի տևողության ժամկետը.
4)   լրացել է կարգապահական խախտման վաղեմության ժամկետը:

33. Հանձնաժողովը որոշումն ընդունում է փակ քվեարկությամբ՝ նիստին ներկա Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Հանձնաժողովի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկությունից։ Հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջինը։ Հանձնաժողովի անդամների ձայները կիսվելու դեպքում ընդունված է համարվում Կոմիտեի աշխատակցի համար առավել բարենպաստ որոշումը։

34. Եթե մինչև կարգապահական վարույթ հարուցելը պարզվել է, որ առկա է Կոմիտեի տվյալ աշխատակցի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթի հարուցումը հետաձգվում է, իսկ հարուցված կարգապահական վարույթը կասեցվում է մինչև համապատասխան նյութերի նախապատրաստման կամ քրեական գործի քննության ավարտը։ 

VIII. ԼՍՈՒՄՆԵՐ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ

35. Կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու դեպքում Հանձնաժողովը քննարկում է լսումներ անցկացնելու հարցը։

36. Մինչև կարգապահական խախտման վերաբերյալ փաստական տվյալների հետազոտումը սկսելը Կոմիտեի ներքին անվտանգության վարչության ներկայացուցիչը (այսուհետ՝ Զեկուցող) ներկայացնում է կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ Կոմիտեի նախագահի միջնորդությունը, Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի այն կետը, որի առերևույթ խախտման մեջ կասկածվում է Կոմիտեի աշխատակիցը, ինչպես նաև կարգապահական խախտում կատարելու փաստական հիմքը։ Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրավասու են Զեկուցողի կամ Հանձնաժողովի՝ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացրած անդամին հարցեր տալ։ Հանձնաժողովի նախագահը կամ անդամները կամ լսումների մասնակիցները իրավունք ունեն հարցեր տալ սույն կետում նշված միջնորդության վերաբերյալ:

37. Առերևույթ կարգապահական խախտման մեջ կասկածվող կոմիտեի աշխատակիցը, նիստին մասնակցելու դեպքում, իրավունք ունի ներկայացնել իրեն վերագրվող կարգապահական խախտման վերաբերյալ դիրքորոշումը, տալ բացատրություններ, ներկայացնել նյութեր։ Հանձնաժողովի նախագահն և անդամներն և լսումների մասնակիցները իրավասու են կոմիտեի աշխատակցի դիրքորոշումը ճշտող հարցեր տալ։

38. Հանձնաժողովն անցնում է նախնական ուսումնասիրության նյութերի կամ Հանձնաժողովի՝ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն հարուցած անդամի ներկայացրած նյութերի հետազոտմանը, որի ընթացքում լսումների մասնակիցները իրավունք ունեն ներկայացնել պարզաբանումներ և տալ հարցեր։

39. Հանձնաժողովի նախագահն իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամի միջնորդությամբ կարող է հրավիրել առերևույթ կարգապահական խախտման մեջ կասկածվող Կոմիտեի աշխատակցին, ինչպես նաև այլ անձի։ Բացատրությունը կարող է վերցվել տեսակապի միջոցով:

40. Հանձնաժողովը նյութեր չի հետազոտում, եթե առերևույթ կարգապահական խախտման մեջ կասկածվող Կոմիտեի աշխատակիցը Հանձնաժողովին հասցեագրված դիմումով կամ բանավոր ընդունել է  իրեն վերագրվող կարգապահական խախտում մեջ իր մեղավորությունը։

41. Լսումներից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է դրանց ավարտը և որոշում կայացնելու համար Հանձնաժողովը հեռանում է խորհրդակցական սենյակ։

42. Հանձնաժողովը խորհրդակցական սենյակում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) կարգապահական խախտման փաստի բացակայության մասին.
2) կարգապահական խախտման փաստի առկայության և Կոմիտեի աշխատակցի մեղավորության մասին.
3) կատարված կարգապահական խախտման մեջ Կոմիտեի աշխատակցի մեղավորության բացակայության մասին:

43. Հանձնաժողովը որոշումն ընդունում է խորհրդակցական սենյակում՝ փակ քվեարկությամբ՝ նիստին ներկա Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Հանձնաժողովի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկությունից։ Հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջում։ Հանձնաժողովի անդամների ձայները կիսվելու դեպքում ընդունված է համարվում Կոմիտեի աշխատակցի համար առավել բարենպաստ որոշումը։

44. Հանձնաժողովի որոշումները ստորագրում են Հանձնաժողովի նախագահն ու անդամները։ Դեմ քվեարկած անդամն իրավունք ունի չստորագրել որոշումը, սակայն պարտավոր է ներկայացնել պատճառաբանված հատուկ կարծիք, որը կցվում է որոշմանը։

45. Սույն աշխատակարգի 42-րդ մասով սահմանված որոշման քաղվածքը եռօրյա ժամկետում ուղարկվում է Կոմիտեի նախագահին։

46. Եթե կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվել է, որ առկա է Կոմիտեի տվյալ աշխատակցի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթը կասեցվում է մինչև համապատասխան նյութերի նախապատրաստման կամ քրեական գործի քննության ավարտը։

47. Կարգապահական վարույթը կասեցվում և վերսկսվում է Հանձնաժողովի որոշմամբ:

48. Եթե հարուցված կարգապահական վարույթի տևողությունը, Հանձնաժողովի քվորում չունենալու պատճառով, գերազանցում է  Օրենքով սահմանված 3 շաբաթյա ժամկետը, ապա վարույթը թողնվում է անհետևանք:

49. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված տույժերի կիրառման հարցը Հանձնաժողովը քննարկում է լսումների միջոցով, որի ընթացքում Զեկուցողը ներկայացնում է Կոմիտեի նախագահի դիրքորոշումը Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6 կետերով նախատեսված կոնկրետ տույժի կիրառման մասին։ Նշված լսումներին իրավունք ունի ներկա գտնվել առերևույթ իրավախախտում կատարած անձը, ով իրավունք ունի ներկայացնել իր դիրքորոշումը միջնորդության կապակցությամբ:  

50. Կոմիտեի նախագահի կողմից «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժի կիրառման հարցը քննարկման ներկայացնելու դեպքում, Հանձնաժողովը որոշում է կայացնում կամ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով», կամ «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժի կիրառման հնարավորության մասին։

51. Կոմիտեի նախագահի կողմից «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժի կիրառման հարցը քննարկման ներկայացնելու դեպքում, Հանձնաժողովը որոշում է կայացնում կամ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով», կամ «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժի կիրառման հնարավորության  մասին։

52. Կոմիտեի նախագահի կողմից «պաշտոնից ազատում» տույժի կիրառելու հնարավորության վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու դեպքում, եթե Հանձնաժողովը որոշում է կայացնում «պաշտոնից ազատում» տույժի կիրառման անհնարինության մասին, ապա Կոմիտեի նախագահին առաջարկում է նրա հայեցողությամբ կիրառել «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կամ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժերից մեկը։                       

ԲԱԺԻՆ 3

ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ 
IX. ԱՆՁԻՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ 

53. Անձին Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակից հանելու, տարկետում տրամադրելու՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի ներկայացման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի նիստին ներկայացնում է, թե ինչ հարց է ենթակա քննարկման:

54. Անձն իրավունք ունի ներկա գտնվել Հանձնաժողովի նիստին և բացատրություններ ներկայացնի քննարկվող հարցի վերաբերյալ:

55. Անձին Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակից հանելու, տարկետում տրամադրելու հարցի քննարկման արդյունքում, Հանձնաժողովը որոշում է կայացնում անձին Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակից հանելու կամ չհանելու միջնորդությամբ Կոմիտեի նախագահին դիմելու, տարկետում տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ:»: