ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2022թ. հոկտեմբերի 5–ի N 173-Լ հրամանը (Ինկորպորացիա առ 26.12.2024. N 259-Լ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆ
05.10.2022. N 173-Լ
Ինկորպորացիա առ 26.12.2024. N 259-Լ
Հիմնական փաստաթութը փոփոխող իրավական ակտ
ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 116-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 149-Լ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քրեական վարույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև տեղեկատվության պահանջի կատարման ընթացակարգերը կանոնակարգելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
- Հաստատել.
1) Գաղտնի քննչական գործողությունների կատարման կազմակերպման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի.
2) Կապի օպերատորներին ներկայացվող տեղեկատվության պահանջի կատարման կազմակերպման կարգը՝ համաձայն հավելված N 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել.
1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 1-ի Հեռախոսային խոսակցությունները լսելու և ձայնագրառելու թույլտվություն տալու մասին դատարանի որոշումները Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն ուղարկելու և ձայնագրառումները ստանալու կարգը հաստատելու մասին թիվ 116-Լ հրամանը.
2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով անձնական տվյալների, հեռախոսազանգերի և ինտերնետ հաղորդակցությունների վերծանումներն ստանալու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 166-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 149-Լ հրամանը:
3. (ուժը կորցրել է 26.12.2024. N 259-Լ)
4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին և առաջին բաժնի պետին:
Ա. Քյարամյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«05 10. 2022 թ.
N 173- Լ հրամանի
ԿԱՐԳ
ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 241-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով սահմանված գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացակարգը: (խմբ. 26.12.2024. N 259-Լ)
2. ՆԵՐՔԻՆ ԴԻՏՈՒՄ, ԱՐՏԱՔԻՆ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Կոմիտեի կենտրոնական մարմնի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության, զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներում, մարզային քննչական վարչություններում և դրանց ստորաբաժանումներում ներքին դիտում, արտաքին դիտում և հեռախոսային խոսակցության բովանդակության վերահսկման (գաղտնալսելու) վերաբերյալ հանձնարարություններն ու դատարանի որոշումների պատճենները հետաքննության մարմին են ուղարկվում գաղտնի դրոշմագրով՝ ստորաբաժանման պետի կամ նրա տեղակալի ուղեկցական գրությամբ՝ գաղտնի գործավարությանը ներկայացվող պահանջների պահպանմամբ: (խմբ. 15.03.2024. N 85-Լ)
3. Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներում (բացառությամբ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության) ներքին դիտում, արտաքին դիտում և հեռախոսային խոսակցության բովանդակության վերահսկման (գաղտնալսելու) վերաբերյալ հանձնարարություններն ու դատարանի որոշումների պատճենները տվյալ ստորաբաժանման պետի կամ նրա տեղակալի ուղեկցական գրությամբ ուղարկվում են հետաքննության մարմին Կոմիտեի առաջին բաժնի միջոցով՝ գաղտնի գործավարությանը ներկայացվող պահանջների պահպանմամբ: (խմբ. 15.03.2024. N 85-Լ)
3. ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ) ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագ. խմբ. 26.12.2024. N 259-Լ)
4. Օրենսգրքով նախատեսված բովանդակային տվյալների այսուհետ՝ վերծանում վերահսկման (բացառությամբ հեռախոսային խոսակցությունների) վերաբերյալ հանձնարարություններն ու դատարանի որոշումները հետաքննության մարմին են ուղարկվում ստորաբաժանման պետի կամ նրա տեղակալի ուղեկցական գրությամբ՝ «Ծառայողական օգտագործման համար» նշումով՝ ծառայողական էլեկտրոնային փոստով: (խմբ. 26.12.2024. N 259-Լ)
5. Վերծանումներ ստանալու վերաբերյալ հանձնարարությունը և դատարանի որոշումը PDF ձևաչափով՝ ուղեկցական գրությամբ՝ մեկ էլեկտրոնային նիշքով ֆայլ տվյալ ստորաբաժանման ծառայողական էլեկտրոնային փոստից գործավարություն կազմակերպողի միջոցով ուղարկվում է համապատասխան հետաքննության մարմին:
6. Նախքան ուղեկցական գրությունը ստորագրման ներկայացնելը մինչդատական վարույթ իրականացնող անձն (այսուհետ՝ քննիչ) ստուգում է Օրենսգրքով հանձնարարությանը ներկայացվող պահանջների ապահովումը:
7. Ուղեկցական գրությունը հաստատվում է էլեկտրոնային ստորագրությամբ:
8. Յուրաքանչյուր հանձնարարություն (կից ուղեկցական գրությամբ և դատարանի որոշմամբ) ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով, իսկ նույն քրեական վարույթին վերաբերող դատարանի մի քանի որոշումները՝ մեկ ուղեկցական գրությամբ:
9. Ուղարկվող էլեկտրոնային նամակի Վերնագիր դաշտում նշվում է գրության ելից համարը:
10. Հրատապ կատարման անհրաժեշտության դեպքում Վերնագիր դաշտում և գրության մեջ կատարվում է Հրատապ գրառումը:
11. Ստացված ուղեկցական գրությունը ստուգվում է ստորաբաժանման գործավարություն կազմակերպողի կողմից, որը ենթակա է վերադարձման, եթե այն կազմվել և շրջանառվել է Կոմիտեի գործավարության և սույն կարգի պահանջներին անհամապատասխան:
12. Անհրաժեշտության դեպքում, ի լրումն ուղեկցական գրությամբ ուղարկված հանձնարարության, քննիչը ներկայացնում է լրացուցիչ տեղեկատվություն՝
1 դատարանի որոշման պահանջները թերի կատարելու դեպքում,
2 դատարանի որոշման պահանջները լիարժեք կատարելու նպատակով՝ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտության դեպքում:
13. Ստացված ուղեկցական գրությունները և կցված նյութերը ստորաբաժանման գործավարություն կազմակերպողը հաշվառում է էլեկտրոնային եղանակով՝ ըստ կապի օպերատորների:
14. Ստորաբաժանման գործավարություն կազմակերպողը էլեկտրոնային նամակի Վերնագիր դաշտում նշում է գրության հերթական համարը և ուղարկում համապատասխան՝ հետաքննության մարմին:
15. Հետաքննության մարմնից ստացված գրությունները և կցված նյութերը ծառայողական էլեկտրոնային փոստով տվյալ ստորաբաժանման գործավարություն կազմակերպողը ուղարկում է հանձնարարությունն ուղարկած քննիչի ծառայողական էլեկտրոնային փոստի հասցեին: (լրաց. 26.12.2024. N 259-Լ)
16. Կատարումն ավարտված փաստաթղթերը կից նյութերով պահպանվում են համակարգչային եղանակով՝ մեկ տարի ժամկետով:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«05 10. 2022 թ.
N 173- Լ հրամանի
ԿԱՐԳ
ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 232-րդ հոդվածի 3-րդ և 3.1-ին մասերով սահմանված տեղեկատվության պահանջ ներկայացնելու ընթացակարգը: (փոփ. 26.12.2024. N 259-Լ)
2. Կապի օպերատորներից, հսկող դատախազի կողմից հաստատված, քննիչի որոշմամբ կարող են պահանջվել Օրենսգրքով նախատեսված բաժանորդային տվյալները: (խմբ. 26.12.2024. N 259-Լ)
2.1. Կապի օպերատորներից, դատարանի որոշման հիման վրա կարող են պահանջվել Օրենսգրքով նախատեսված բովանդակային տվյալները: (կետը լրաց. 26.12.2024. N 259-Լ)
3. Տեղեկատվության պահանջը ներկայացվում է «Ծառայողական օգտագործման համար» նշումով՝ Կոմիտեի առաջին բաժնի միջոցով՝ ծառայողական էլեկտրոնային փոստով: (խմբ. 26.12.2024. N 259-Լ)
2. ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Կապի օպերատորներին տեղեկատվության պահանջ է ներկայացվում.
1) սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տվյալները ստանալու նպատակով հսկող դատախազի կողմից հաստատված քննիչի որոշման հիման վրա,
2) սույն կարգի 2.1-ին կետով նախատեսված տվյալները ստանալու նպատակով քննիչի միջնորդությունը դատարանի կողմից բավարարվելու դեպքում՝ դատարանի որոշման հիման վրա: (խմբ. 26.12.2024. N 259-Լ)
5. Մինչև գրությունը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելը, քննիչը ստուգում է գրության համապատասխանությունը Կոմիտեի գործավարության կարգով սահմանված պահանջներին:
6. Տեղեկատվության պահանջ ներկայացնելու մասին քննիչի որոշման (այսուհետ՝ քննիչի որոշում), իսկ սույն կարգի 2.1-ին կետով նախատեսված դեպքերում՝ դատարանի որոշման (այսուհետ՝ դատարանի որոշում) պատճենները ուղեկցական գրությամբ՝ PDF ձևաչափով՝ մեկ էլեկտրոնային նիշքով ֆայլով Կոմիտեի տվյալ ստորաբաժանման ծառայողական էլեկտրոնային փոստից, գործավարություն կազմակերպողի միջոցով, ուղարկվում են Կոմիտեի առաջին բաժին՝ operator@investigator.am» ծառայողական էլեկտրոնային փոստի հասցեին նիշքը կրում է ելից գրության համարը:
Նույն քրեական վարույթին վերաբերող քննիչի և դատարանի որոշումներն ուղարկվում են մեկ էլեկտրոնային նիշքով ֆայլով սույն կետով նախատեսված կարգով: (խմբ. 26.12.2024. N 259-Լ)
7. Քննիչի որոշման մեջ հսկող դատախազի կողմից հաստատման մասին վկայող վավերատարրը տեղադրվում է փաստաթղթի վերին աջ անկյունում, տեքստից առաջ և բաղկացած է հետևյալ բաղադրիչներից` «Հաստատում եմ» բառից, որոշումը հաստատող անձի պաշտոնից, անվան սկզբնատառից, ազգանունից, ամսաթվից և նրա ստորագրությունից:
8. Յուրաքանչյուր քրեական վարույթով քննիչի, դատարանի որոշումների պատճենները՝ կից ուղեկցական գրությամբ (այսուհետ՝ միասին փաստաթղթեր) ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով, իսկ նույն քրեական վարույթին վերաբերող փաստաթղթերը՝ մեկ էլեկտրոնային նամակով: (փոփ. 26.12.2024. N 259-Լ)
9. Ուղարկվող էլեկտրոնային նամակի Վերնագիր դաշտում նշվում է ուղեկցական գրության ելից համարը:
10. Հրատապ կատարման անհրաժեշտության դեպքում Վերնագիր դաշտում և գրության մեջ կատարվում է Հրատապ գրառումը:
11. Փաստաթղթերը ստուգվում են Կոմիտեի առաջին բաժնում և վերադարձվում, եթե.
1) ուղեկցական գրությունում, որպես ելից համար, նշված է քրեական վարույթի համարը,
2) ուղարկված են ոչ ծառայողական էլեկտրոնային փոստով,
3) ուղեկցական գրությունում նշված չէ կատարողի անուն, ազգանունը և հեռախոսահամարը,
4) ուղեկցական գրությունում բացակայում է քննիչի էլեկտրոնային ստորագրությունը,
5) ի լրումն գրության մեջ նշված չէ սկզբնական գրության համարը:
12. Ստացված փաստաթղթերը Կոմիտեի առաջին բաժինը հաշվառում է էլեկտրոնային եղանակով՝ ըստ օպերատորների:
13. Կոմիտեի առաջին բաժինը էլեկտրոնային նամակի Վերնագիր դաշտում նշում է հաշվառման հերթական համարն ու հատուկ կապուղու միջոցով ուղարկում ուղեկցական գրությամբ նշված կապի օպերատորին:
14. Կապի օպերատորից ստացված գրությունները և կցված նյութերը Կոմիտեի առաջին բաժինը ծառայողական էլեկտրոնային փոստով ուղարկում է համապատասխան ստորաբաժանման ծառայողական էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղից էլ ուղարկվում է տեղեկատվության պահանջ ներկայացնող քննիչին: (լրաց. 26.12.2024. N 259-Լ)
15. Կատարումն ավարտված փաստաթղթերը Կոմիտեի առաջին բաժնում և քննիչի մոտ պահպանվում են համակարգչային եղանակով՝ մեկ տարի ժամկետով:
16. Քննիչն ի լրումն գրությամբ անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն է ներկայացնում.
1) քննիչի, դատարանի որոշումների պահանջները օպերատորի կողմից թերի կատարելու դեպքում, (փոփ. 26.12.2024. N 259-Լ)
2) քննիչի, դատարանի որոշումների պահանջները լիարժեք կատարելու նպատակով՝ կապի օպերատորների պահանջով` անհրաժեշտության դեպքում: (փոփ. 26.12.2024. N 259-Լ)