ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ՀՀ պատվիրակության կազմում Ստոկհոլմում ուսումնասիրել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի շվեդական փորձը (լուսանկարներ)
Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանը եռօրյա ուսումնա-ճանաչողական այցով գտնվել են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Հայաստանյան պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ Ներքին գործերի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ դատախազության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Այցի նպատակն էր փորձի փոխանակման շրջանակներում ծանոթանալ Շվեդիայի իրավական համակարգին, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և ընտանեկան բռնության կանխարգելման փորձառությանը, մարտահրավերներին և հաջողություններին, նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցության մեխանիզմներին:
Պատվիրակությունը հագեցած և արդյունավետ հանդիպումներ է ունեցել Շվեդիայի իրավապահ և այլ իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ի թիվս այլ խնդիրների՝ քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության գործերով քրեական հետապնդման, պաշտպանության և կանխարգելման մեխանիզմները, նշված բնույթի վարույթների քննության ժամանակ քննչական տակտիկաներին, զոհակենտրոն արդյունավետ մոտեցումներին վերաբերող հարցեր։
Պատվիրակությանն ընդունել է նաև Արևելյան գործընկերության ծրագրի դեսպան և Շվեդիայի հատուկ ներկայացուցիչը արտագաղթի մեջ գործող Բելառուսի ժողովրդավարական ուժերում Քրիստինա Յոհաննեսոնը։ Նա ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը՝ շեշտելով, որ գենդերային հավասարության ապահովումը, գենդերային բռնության դեմ պայքարը Շվեդիայի առաջնահերթություններից են և ուրախ են իրենց փորձառությունը կիսելով աջակցել Հայաստանում անվտանգ միջավայրի ձևավորմանը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդգծել է այցի կարևորությունը՝ նշելով, որ Շվեդիայի փորձին ծանոթանալը կօգնի մեր ռազմավարական քայլերը դարձնել միջազգային չափանիշներին ավելի համահունչ, ամրապնդել համագործակցությունը շվեդ գործընկերների հետ՝ Հայաստանում հանցագործությունների դեմ պայքարը կատարելագործելու և բռնության զոհերի համար առավել արդյունավետ պաշտպանություն և աջակցություն ապահովելու համար։