Լրահոս
04.04.24, 16:52

ՀՀ քննչական կոմիտեում կազմակերպվել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեում կազմակերպվել է  2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում:

Կոմիտեի գլխավոր քարտուղար Կ. Մարգարյանը ներկայացրել է քննարկվող փաստաթղթերի նախագծերը` ընդգծելով, որ հաջորդ տարվա տարեկան ֆինանսավորման հայտում ընդգրկված է մեկ հիմնական` «ՀՀ քննչական ծառայություններ»  ծրագիրը, որի մեջ ներառված են յոթ առանձին միջոցառումներ` «Քրեական գործերով վարույթի իրականացում», «Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում», «ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ», «Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում», «ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում», ՀՀ քննչական կոմիտեի տրանսպորտային միջոցների բարելավում, ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում:

Ըստ ներկայացված տեղեկատվության՝ 2025 թվականի համար նախատեսվող բյուջետային հայտում ներառված հիմնական ծրագրի և վերջինիս բաղկացուցիչ մաս հանդիսացող հիշյալ միջոցառումների իրագործման նպատակով առաջարկվող ծախսային հատվածը նախնական տարբերակով կազմում է շուրջ 20.6 մլրդ դրամ, որը 3.1 մլրդ դրամով աճել է 2024 թվականի համար հատկացված 17.5 մլրդ դրամի համեմատ։ Աճը պայմանավորված է ընթացիկ տարվա հունվարից Կոմիտեի կազմում նոր ձևավորված Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության հաստիքների ավելացմամբ և համակարգի շենքային պայմանների բարելավմանն ուղղված հրատապ ծրագրի ավելացմամբ:

Հանրային քննարկման օրակարգային հարցերի շրջանակներում Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ                                    Կ. Սահակյանն անդրադարձ է կատարել կառույցի 2025 թվականի տարեկան բյուջետային հայտի և 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման համար հիմք հանդիսացող ոչ ֆինանսական մի շարք ցուցանիշների։ Մասնավորապես, նա ներկայացրել է քրեական վարույթներին, կառույցի կողմից մշակվելիք իրավական ակտերին, քննիչների միջին ծանրաբեռնվածությանը վերաբերող որոշ ընդհանրական վիճակագրական տվյալներ, ինչպես նաև մանրամասնել նախաքննական մարմնի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված մի շարք ծրագրային առաջնահերթություններ:

Կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից նախանշվել են նաև հիշյալ միջոցառումների ներքո իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները և վերջիններիս մասով կանխատեսվող արդյունքային ցուցանիշները:

Հանդիպմանը մասնակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Կոմիտեի ներկայացուցիչների միջև ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում ներկայացվել են կարծիքներ ֆինանսա-բյուջետային գործառույթների արդյունավետության բարձրացման և տվյալ ասպարեզում շարունակաբար նոր ու արդիական գործիքակազմեր կիրառելու վերաբերյալ: