ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր (Լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների քննչական մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով քրեական գործերով միմյանց օպերատիվ տեղեկատվության փոխանակումն ու իրավական օգնության ցուցաբերումը։ Կողմերը նախանշել են փոխգործակցությունը զարգացնելու կոնկրետ ուղղություններ։
Առանձնազրույցից հետո ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
Ըստ այդմ՝ կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան, պայմանավորվել են համագործակցել կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության, դիմումների քննության, ինչպես նաև՝ յուրաքանչյուր կողմի իրավասության այլ լիազորությունների իրականացման բնագավառում:
Կկազմակերպվեն պատվիրակությունների կամ փորձագետների փոխադարձ այցեր՝ համաձայն նախապես մշակված փոխանակության ծրագրի, ֆորումներ, աշխատանքային հանդիպումներ, գիտաժողովներ և կլոր սեղաններ՝ ապահովելու միջազգային համագործակցությունը իրավական օգնության բնագավառում, նաև բազմակողմ միջոցառումների շրջանակներում դիմումների քննության և այլ լիազորությունների իրականացման բնագավառում, կապահովվի պատշաճ տեղեկատվության փոխանակումը:
ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով՝ հուլիսի 12-ին։
Ծանոթություն. ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության պարտականությունների ու իրավասությունների մեջ է մտնում նաև վերահսկողության սահմանումը՝ արդարադատության գերատեսչությունների և վարչությունների ֆինանսական և վարչական հարցերի, դատական իշխանության ենթակա կառույցների, իրավապահ մարմինների, պետական ընկերությունների և ինստիտուտների, քաղաքապետարանների և ներքին գործերի նախարարության ենթակա կառույցների և այլ կազմակերպությունների վրա, նշված կառույցներում կանոնավոր կարգով ստուգումների իրականացումը։