ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի N167-Լ հրամանը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ԵՎ «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ՊԱՐԳԵՎԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 56-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
08.12.2021թ. N 167-Լ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում աշխատանքի արդունավետության բարձրացումը խթանելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանումը և քննիչին պարզելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը պատշաճ գնահատականի արժանացնելու նկատառումներից ելնելով և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» պարգևագրերի նկարագրերը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը, պայմանները հաստատելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» պարգևագրերի նկարագրերը հաստատելու մասին» թիվ 56-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչել:
4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:
Ա. Քյարամյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
__ __ 2021թ.
թիվ -Լ հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) յուրաքանչյուր տարի ընտրում է մեկ ստորաբաժանում՝ Կոմիտեի տարվա ստորաբաժանում և մեկ քննիչ՝ Կոմիտեի տարվա քննիչ ճանաչելու նպատակով:
2. Հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որը ձևավորվում է Կոմիտեի նախագահի հրամանով: Հանձնաժողովի կազմում են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետը, ներքին անվտանգության վարչության պետը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետը և Կոմիտեի նախագահի կողմից ներկայացված Կոմիտեի 2 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ՝ մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների պետերից: Հանձնաժողովի նախագահը Կոմիտեի նախագահի տեղակալն է:
3. Կոմիտեի տարվա ստորաբաժանման և տարվա քննիչի տվյալները հանձնաժողովին ներկայացնելու համար պատասխանատու ստորաբաժանումներն են՝
1) Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունը Կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» թեկնածության համար.
2) Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումները, մարզային քննչական վարչությունները, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը, կայազորային վարչությունը, կայազորային քննչական բաժինները՝ Կոմիտեի «Տարվա քննիչ» թեկնածության ներկայացման համար:
4. Մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պատասխանատու ստորաբաժանումը Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների (բացառությամբ հատկապես կարևոր գործերի քննության վարչության և վերահսկողության վարչության), Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների (բացառությամբ ծանր հանցագործությունների քննության բաժնի) և մարզային քննչական վարչությունների գործունեության վերաբերյալ տարեկան վիճակագրական տվյալները, իրավասու ստորաբաժանումներից ստացված տեղեկատվությունը, ինչպես նաև քննության որակական կողմը բնութագրող ցուցանիշներն ուղարկում է հանձնաժողովին՝ Կոմիտեի տարվա ստորաբաժանում ընտրելու նպատակով:
5. Մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը սույն հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պատասխանատու ստորաբաժանումները քննարկում և համապատասխան ոլորտը համակարգող՝ Կոմիտեի նախագահի տեղակալի համաձայնությամբ հանձնաժողովին են ներկայացնում սույն հավելվածի 16-րդ կետով սահմանված պայմանները բավարարող Կոմիտեի տարվա քննիչի մեկական թեկնածուի տվյալ՝ հավաստող զեկուցագրի, քննության որակական կողմը բնութագրող ցուցանիշների և հիմնավորող այլ փաստաթղթերի հետ:
6. Հանձնաժողովը ուսումնասիրում է սույն կարգի 4-րդ կետում նշված ստորաբաժանումների վերաբերյալ վիճակագրական և մյուս տվյալները՝ Կոմիտեի տարվա ստորաբաժանման թեկնածու ընտրելու համար, ինչպես նաև Կոմիտեի տարվա քննիչի համար ներկայացված թեկնածությունները, հիմնավորող փաստաթղթերը, քննարկում քննության որակական կողմը բնութագրող ցուցանիշները և կայացնում Կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու վերաբերյալ որոշում:
7. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
8. Կայացված որոշման վերաբերյալ կազմված արձանագրությունը մինչև հունվարի 30-ն ուղարկվում է Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն:
9. Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունը նախապատրաստում և Կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում Կոմիտեի տարվա ստորաբաժանում ճանաչելու, ինչպես նաև Կոմիտեի տարվա քննիչ ճանաչելու վերաբերյալ հրամանների նախագծերը:
10. Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունը Կոմիտեի տարվա ստորաբաժանման անվանումը, ինչպես նաև Կոմիտեի տարվա քննիչի լուսանկարը և կենսագրական տվյալներն ուղարկում է Կոմիտեի արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչություն՝ Կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրելու համար:
11. Կոմիտեի տարվա ստորաբաժանում, տարվա քննիչ ճանաչելու մասին հրամանները հրապարակվում են Կոմիտեի կոլեգիայի նիստում, որտեղ Կոմիտեի տարվա ստորաբաժանմանը, ի դեմս ստորաբաժանման պետի և տարվա քննիչին հանձնվում են Կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» անվանումներով պարգևագրեր:
12. Կոմիտեի տարվա քննիչ ճանաչված ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, Կոմիտեի տարվա ստորաբաժանում ճանաչված ստորաբաժանման պետը, ինքնավար պաշտոն զբաղեցնող մյուս անձինք, ինչպես նաև տվյալ ստորաբաժանման աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողները և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք կարող են խրախուսվել Կոմիտեի նախագահի կողմից:
ԳԼՈՒԽ 2. ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
13. Կոմիտեում տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու նպատակով թեկնածությունների ուսումնասիրությունը և ընտրությունը կատարվում է սույն գլխով նախատեսված պայմանների հիման վրա:
14. Կոմիտեի տարվա ստորաբաժանման համար առաջադրվող թեկնածությունը պետք է բավարարի առնվազն հետևյալ հիմնական պայմանները.
1) արձանագրվել է քննության արտադրողականությունը բնութագրող բարձր ցուցանիշներ.
2) ստորաբաժանման վարույթում քննված քրեական գործերով պահպանվել են նախաքննության ողջամիտ ժամկետները.
3) ստորաբաժանման վարույթում քննված քրեական գործերով արդյունավետ կերպով իրականացվել է հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու պարտականությունը.
4) հանցագործությամբ պետությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվել են արդյունավետ միջոցներ:
15. Հավասար պայմաններ ապահոված Կոմիտեի տարվա ստորաբաժանման թեկնածուներից նախապատվությունը տալու ժամանակ հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափորոշիչները.
1) ստորաբաժանման վարույթում քննված քրեական գործերով դատարանների կայացրած լրացուցիչ որոշումները.
2) վարույթի մասնակիցների և քաղաքացիների կողմից ներկայացրած ստորաբաժանման վարույթում քննված քրեական գործերով հիմնավոր բողոքները:
16. Կոմիտեի տարվա քննիչի համար առաջադրվող թեկնածուն պետք է բավարարի առնվազն հետևյալ հիմնական պայմանները.
1) ունեցել է արդյունավետ և դրական աշխատանքի բացառիկ ցուցանիշներ.
2) ընթացք է տվել (այդ թվում նաև ավարտել) առավել շատ կամ բարդ, բազմադրվագ, հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի.
3) մինչդատական վարույթ իրականացնելիս թույլ չի տվել քրեաիրավական և քրեադատավարական նորմերի կիրառության էական խախտումներ.
4) չի ենթարկվել կարգապահական տույժի.
5) վարույթի մասնակիցների և քաղաքացիների կողմից վարույթում քննված քրեական գործերով հիմնավոր բողոքներ չեն եղել:
17. Հավասար պայմաններ ապահոված Կոմիտեի տարվա քննիչի թեկնածուներից նախապատվությունը տալու ժամանակ հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափորոշիչները.
1) հանցագործություն բացահայտելը կամ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին պարզելը.
2) հանցագործությամբ պետությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելը.
3) գիտական աշխատանքով զբաղվելը կամ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելը.
4) առավել երկար ժամանակահատվածում դրական ցուցանիշներ պահպանելը.
5) ծառայության վերջին երեք տարիների ընթացքում ստացված խրախուսանքի և տույժերի հարաբերակցությունը.
6) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի կարգով Կոմիտեում ծառայության ստաժը:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
__ __ 2021թ.
թիվ -Լ հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ԵՎ «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ՊԱՐԳԵՎԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ՊԱՐԳԵՎԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) «Տարվա ստորաբաժանում» պարգևագիրն (այսուհետ՝ «Տարվա ստորաբաժանում» պարգևագիր) իրենից ներկայացնում է 350 x 350 միլիմետր չափսերի քառակուսի ցուցանակ՝ վրադիր տարրերով (Ձև 1):
2. Ցուցանակը պատրաստվում է փայտից, պատված է մուգ կարմրագույն թավիշով, ունի մուգ շագանակագույն շրջանակ, որը ներսից եզերված է 5 միլիմետր հաստությամբ ոսկեգույն եզրագծով:
3. «Տարվա ստորաբաժանում» պարգևագրի վերևի հատվածում` ոսկեգույն եզրագծից 20 միլիմետր ներքև, տեղակայված է 150 միլիմետր տրամագծով ոսկեգույն շրջան, որը վերևից եզերված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ռելիեֆային գրությամբ, իսկ ներքևից` «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ռելիեֆային գրությամբ: Շրջանի կենտրոնական մասում` վերևի գրառումից 10 միլիմետր ներքև, 40 x 50 միլիմետր չափսերի ոսկեգույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Կոմիտեի խորհրդանիշի երկու արծիվները, որոնք պահում են խաչված աչքերի գծապատկերով՝ ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի սպիտակ (էմալապատ) մորթիով: Արծիվների ներքևում 60 x 90 միլիմետր չափսերի ոսկեգույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքի պատկերը:
4. Ոսկեգույն շրջանից 30 միլիմետր ներքև 60 x 120 միլիմետր չափսերի վրադիր տարրի ձևով տեղակայված է ոսկեգույն ուղղանկյուն, որի վրա առկա է ռելիեֆային գրություն` Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի ամսաթվի և հերթական համարի, Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման անվանման, «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» գրառման, ինչպես նաև դրա ճանաչման տարեթվի նշումով:
5. «Տարվա ստորաբաժանում» պարգևագրի վրադիր տարրերը պատրաստվում են պղնձի հատուկ համաձուլվածքից և պատված են 999 հարգի ոսկով:
ԳԼՈՒԽ 2. ԿՈՄԻՏԵԻ «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ՊԱՐԳԵՎԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
6. Կոմիտեի «Տարվա քննիչ» պարգևագիրն (այսուհետ՝ «Տարվա քննիչ» պարգևագիր) իրենից ներկայացնում է 340 x 280 միլիմետր չափսերի ուղղանկյուն ցուցանակ՝ վրադիր տարրերով (Ձև 2):
7. Ցուցանակը պատրաստվում է փայտից, պատված է կապույտ թավիշով, ունի մուգ կապույտ շրջանակ, որը ներսից եզերված է 5 միլիմետր հաստությամբ արծաթագույն եզրագծով:
8. «Տարվա քննիչ» պարգևագրի վերևի հատվածում` արծաթագույն եզրագծից 40 միլիմետր ներքև, տեղակայված է 120 միլիմետր տրամագծով արծաթագույն շրջան, որը վերևից եզերված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ռելիեֆային գրությամբ, իսկ ներքևից` «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ռելիեֆային գրությամբ: Շրջանի կենտրոնական մասում` վերևի գրառումից 10 միլիմետր ներքև, 30 x 40 միլիմետր չափսերի արծաթագույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Կոմիտեի խորհրդանիշի երկու արծիվները, որոնք պահում են խաչված աչքերի գծապատկերով՝ ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի սպիտակ (էմալապատ) մորթիով: Արծիվների ներքևում 50 x 80 միլիմետր չափսերի արծաթագույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքի պատկերը:
9. Արծաթագույն շրջանից 55 միլիմետր ներքև 45 x 110 միլիմետր չափսերի վրադիր տարրի ձևով տեղակայված է արծաթագույն ուղղանկյունի, որի վրա առկա է ռելիեֆային գրություն` Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի ամսաթվի և հերթական համարի, Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման քննիչի պաշտոնի, անվան, հայրանվան, ազգանվան, «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» գրառման, ինչպես նաև դրա ճանաչման տարեթվի նշումով:
10. «Տարվա քննիչ» պարգևագրի վրադիր տարրերը պատրաստվում են պղնձի հատուկ համաձուլվածքից և պատված են 925 հարգի արծաթով:
Ձև 1
Ձ Ե Վ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» պարգևագրի
Ձև 2
Ձ Ե Վ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Տարվա քննիչ» պարգևագրի