ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022թ. օգոստոսի 25-ի N135-Լ հանձնարարականը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
25.08.2022թ. N135-Լ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԸ ՀԱՅՏՆԻ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով նախաքննության կազմակերպումը կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անհատական ծանրաբեռնվածության և ընթացքը լուծված քրեական վարույթներով արտադրողականության հաշվարկման գործընթացը կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
Հանձնարարում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների պետերին՝
1) ցուցաբերել հետևողականություն այն քրեական վարույթներով, որոնցով կատարվել են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները, սակայն չեն պարզվել հանրային քրեական հետապնդման ենթակա անձինք.
2) համապատասխան ստորաբաժանումներում նախաձեռնված քրեական վարույթի արդյունքներով ապահովել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ՝ քննիչ) կողմից համապատասխան տեղեկանքների կազմումը՝
ա. ոչ մեծ ծանրության ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով վարույթներով, առավելագույնը` երկու ամսում,
բ. ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով վարույթներով, առավելագույնը` չորս ամսում.
3) սույն հանձնարարականի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկանքները քննիչների կողմից կազմվելուց հետո ներկայացվում են ստուգման ստորաբաժանման պետի տեղակալին (այսուհետ՝ անմիջական ղեկավար), ում համակարգման ներքո գործում են քննիչները.
4) անմիջական ղեկավարը քրեական վարույթի նյութերի ուսումնասիրության միջոցով ստուգում է վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողությունները կատարելու վերաբերյալ իրեն ներկայացված տեղեկանքները, որոնցում թերություններ և բացթողումներ չհայտնաբերելու դեպքում՝ դրանք հաստատում և ներկայացնում է ստորաբաժանման ղեկավարի վերահաստատմանը.
5) թերություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում՝ անմիջական ղեկավարը տեղեկանքները վերադարձնում է քննիչին, հանձնարարելով կատարել անհրաժեշտ գործողություններ՝ սահմանելով ողջամիտ ժամկետ.
6) քննիչի կողմից անմիջական ղեկավարի տված հանձնարարության պահանջները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում վերջինս ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝ ծառայողական քննություն անցկացնելու նպատակով համապատասխան զեկուցագիր ներկայացնելու համար.
7) քննիչն անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունների համար սահմանված ժամկետի ընթացքում, դրանց կատարման վերաբերյալ կազմում է նոր տեղեկանք և ներկայացնում անմիջական ղեկավարի հաստատմանը, որը վերջինիս կողմից հաստատվելուց հետո ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարի վերահաստատմանը.
8) սույն հանձնարարականի 1-ին կետի 4-րդ և 7-րդ ենթակետերում նշված գործողությունները կատարելուց և ստորաբաժանման ղեկավարի կողմից դրանք վերահաստատվելուց հետո՝ քննիչը քրեական վարույթի նյութերը համապատասխան միջնորդությամբ՝ ստուգման նպատակով ներկայացնում է հսկող դատախազին.
9) հսկող դատախազի կողմից քրեական վարույթի ստուգման արդյունքներով որոշակի հանգամանքներ պարզելու կապակցությամբ հանձնարարություն չտրվելու դեպքում համապատասխան ստորաբաժանումում այդ քրեական վարույթները հաշվառվում են որպես անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները կատարված, սակայն հանրային քրեական հետապնդման ենթակա անձը չհայտնաբերած քրեական վարույթներ:
2. Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել ստորաբաժանումների ղեկավարներին:
3. Հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:
Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ