ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի Թբիլիսիի գրասենյակի ղեկավարին (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի Թբիլիսիի գրասենյակի նորանշանակ ղեկավար Իմեդա Ցիցիաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Արսեն Այվազյանը նշել է, որ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի Թբիլիսիի գրասենյակի հետ համագործակցության ողջ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն մշտապես զգացել է ԱՄն գործընկերների աջակցությունը մասնագիտական վերապատրաստումների միջոցով քննիչների արդյունավետության բարձրացման, Կոմիտեի կարողությունների հզորացման, կազմակերպաիրավական ընթացակարգերը որակական ավելի բարձր հարթություն տեղափոխելու հարցում։ Դրանք նպաստում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրացման հանցագործությունների բացահայտմանը, այս ոլորտում միջազգային գործակցությանը։
Իմեդա Ցիցիաշվիլին ևս գոհունակություն է հայտնել ձևավորված համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ։ նա ընդգծել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, անդրազգային ամենավտանգավոր հանցագործություններից մեկն է, որի դեմ արդյունավետ պայքարի հիմնական գրավականը միջազգային սերտ գործակցությունն է, փորձի փոխանակումը և փոխանցել ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի պատրաստակամությունը այդ չարիքի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերելու հնարավոր տեխնիկական և մեթոդաբանական աջակցություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների դեպքերի բացահայտման տեխնոլոգիաների, մասնագիտական հմտությունների կատարելագործման, իրականացվող քննությունների արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։
Հայկական կողմը ներկայացրել է հատկապես առցանց տարբեր հարթակների, էլեկտրոնային դրամապանակների միջոցով իրականացվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կրիպտոարժույթների միջոցով փողերի լվացման դեմ պայքարում ՀՀ քրեական հետապնդման մարմինների վերջին շրջանի լուրջ ձեռքբերումները։
Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի միջև փոխգործակցության հուշագրի ստորագրմամբ ամրագրելու համագործակցության ներկայիս բարձր մակարդակը և նախանշելու դրա ընդլայնման նոր ուղղություններն ու ձևերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հուշագրի մշակման, վերջնական համաձայնեցումների ընթացքին առնչվող խնդիրներ։