Լրահոս
17.03.17, 13:52

ՀՀ քննչական կոմիտեն ապահովում է քննիչների մասնագիտացման շարունակելիությունը (Լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեն ապահովում է քննիչների մասնագիտացման շարունակելիությունը (Լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեն շարունակաբար ուշադրության կենտրոնում է պահում երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրները:

Հետևողականորեն ապահովելով տուժող, վկա, կասկածյալ և մեղադրյալ անչափահասների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների պատշաճ իրականացումը՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն հասել է որոշակի դրական արդյունքների այս ոլորտում, սակայն մասնագիտացված քննիչների առկայությունը ոչ միայն արդի խնդիր է, այլ նաև՝ ժամանակի թելադրանք:

Մասնագիտացված քննիչները ոչ միայն պետք է լինեն լավ իրավաբաններ, այլ պետք է տիրապետեն հոգեբանության և այլ հարակից գիտությունների հիմունքներին: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 1-Լ հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեում ներդրվել էր անչափահասների դատավարական մասնակցությամբ քրեական գործերով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների մասնագիտացման դասընթաց, որի մեկնարկն այսօր է:

ՀՀ քննչական կոմիտեի տարբեր մարմինների և ստորաբաժանումների՝ թվով 21 քննիչներ անցնելու են մասնագիտացված դասընթաց՝ իրավագիտության, հոգեբանության և սոցիալական աշխատանքի համակարգված և համապարփակ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով:

Դասընթացների ընթացքում քննիչներին ներկայացվելու է օրենքի հետ առնչություն ունեցող և ցանկացած դատավարական կարգավիճակ ունեցող երեխաների հետ վարվեցողության կանոնները, դրանց առանձնահատկությունները: Մասնագիտացման դասընթացի կազմակերպումն իրականացվում է «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայկական մասնաճյուղի հետ համատեղ՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ: Դասընթացն անց է կացվում ոլորտի 7 մասնագետների կողմից: Դասընթացի ավարտին մասնակիցներն անցնելու են թեստավորում և ստանան համապատասխան հավաստագրեր: