Ինժեներական աշխատանքների ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
2023 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտու՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքեր տանող ճանապարհահատվածում ինժեներական աշխատանքեր կատարելու նպատակով ժայռերի պայթեցման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են նույն զորամասի զինծառայողներ մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող, շարքային Արթուր Հայկի Պողոսյանը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4- րդ մասի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություններ, հարցաքննություններ, զննումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: