Իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Հ.Ղ.-ն. նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
2024 թվականի մայիսի 21-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ:
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով:
Իրականացված նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Ղ.-ն, լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականության հետ և վերջինիս հետ ունենալով գաղափարական թշնամանք, գիտակցելով, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը, ինչպես նաև՝ բռնություն գործադրելու միջոցով տիրանալ Ազգային ժողովի և Կառավարության լիազորություններին, նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, այդ թվում՝ դիտարկել 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը։ Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, նշված անձը չի կարողացել սկսել հիշյալ գործողությունների կատարումը, քանի որ նախապատրաստված առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից:
Նախաքննությամբ ձեռք բերված՝ Հ.Ղ-ի կողմից հանցանք կատարելու մասին վկայող բավարար փաստերի հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Հ. Ղ-ն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են ծավալուն միջոցառումներ՝ նաև վերոնշյալի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։