Խուլիգանություն «Արմավիր» ՔԿՀ-ի մոտ. Հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ վարչական շենքի մոտ տեղի է ունեցել միջադեպ՝ հիմնարկի այցելուների մասնակցությամբ: Պարզվել է, որ ՔԿՀ այցելած մի քաղաքացի նույն հիմնարկի աշխատակցի կողմից արգելված գոտուն չմոտենալու, այնտեղ չմիզելու պահանջից հետո սկսել է բարձրաձայն հայհոյել: Այնուհետև մոտեցել է ՔԿՀ-ի գլխավոր մուտքի դռանը, որտեղ գտնվել են նրա հետ այցելած այլ անձինք, ովքեր նույնպես սկսել են բարձրաձայն հնչեցնել հայհոյանքներ՝ խախտելով հասարակական կարգը:
Դեպքի առթիվ «Արմավիր» ՔԿՀ հետաքննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, և քրեական գործն ուղարկվել է ըստ ենթակայության՝ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Քննիչը 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունել է վարույթ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: