Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վերաբերյալ վարույթով Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված առերևույթ խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակիչը, լինելով Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում կազմակերպված հավաքի մասնակից, 2024 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, թիրախավորել է նույն բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ Երևան քաղաքից դեպի Կոթի բնակավայր ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի երթևեկությունը դադարեցվել էր Կիրանց բնակավայրում հավաքի այլ մասնակիցների կողմից: Հավաքի մի խումբ մասնակիցներ, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իրենց պետական իրավասու մարմնի գործառույթներ իրականացնելու իրավունք վերապահելով, մեքենայի բեռնախցիկը բացելու ապօրինի պահանջ են ներկայացրել մեքենայի վարորդին:
Առանց հիշյալ պահանջը կատարելու՝ ավտոմեքենայի բնականոն ընթացքին խոչընդոտելու նպատակով, 39-ամյա տղամարդը, նախապես ձեռք բերված գաղտնի փականով դանակի գործադրմամբ, որը փոխանցվել էր նրան հավաքի 17-ամյա մասնակցի կողմից, հարվածներ է հասցրել վերոնշյալ ավտոմեքենայի անվադողին: Արդյունքում՝ տևական ժամանակ խոչընդոտվել է ավտոմեքենայի բնականոն ընթացքը, հավաքի այլ մասնակիցների մոտ առաջացրել անհանգստություն, որի արդյունքում մեքենայի վարորդը ստիպված է եղել կատարել հավաքի մասնակիցների ապօրինի պահանջը՝ բացել մեքենայի բեռնախցիկը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 17-ամյա պատանուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-297-րդ հոդվածի 3-րդ մասով, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Դատարանի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ:
Նախաքննությունը շարունակվում է: