Լրահոս
04.07.23, 07:59

Կոմիտաս պողոտայի շենքերից մեկի մոտ՝ ավտոտնակում, տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ (լուսանկարներ)

Կոմիտաս պողոտայի շենքերից մեկի մոտ՝ ավտոտնակում, տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ (լուսանկարներ)

2023 թվականիի հուլիսի 03-ին՝ ժամը 22։22-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով առկա են փլուզումներ, կան տուժածներ:

Նույն օրը՝ 23:30-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը նշված շենքի բակից իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու՝ ջերմային այրվածքներով և այրվածքային ծանր շոկով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ և կատարվում է նախաքննություն։

Անմիջապես կատարվել է դեպքի վայրի զննություն: Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ Կոմիտասի 54/1 հասցեի բազմաբնակարան շենքին հարակից ավտոտնակներից մեկում գտնվել են հեղուկ գազի բալոններ, գազի զարքավորումներ։ Բալոններից մեկից տեղի է ունեցել գազի արտահոսք, իսկ պայթյունը, նախնական տվյալներով, առաջացել է քաղաքացու կողմից իր ավտոտնակը մտնելուց և լուսավորության լամպը միացնելուց հետո։



Պայթյունի հետևանքով քաղաքացին ստացել է այրվածքներ և մարմնական վնասվածքներ ու  տեղափոխվել բժշկական կենտրոն: Ուժգին պայթունից վնասվել են նշված շենքի բակի կողմն ուղղված բնակարանների պատուհանների փեղկերը, ապակիները, նշված հատվածում առկա բետոնե կառուցվածքների որոշ հավածներ: Շենքի բակում կայանված ավտոմեքենաներից մի քանիսը վնասվել և դեֆորմացվել են, շենքի մուտքերի դիմաց տեղակայված երկու ավտոտնակներ փլուզվել են գրեթե ամբողջությամբ, երրրոդը՝ մասնակի։

Մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով 2023թ. հուլիսի 4-ին որոշում է կայացվել  դատապայթունատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին։

Դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են քննչական և դատավարական անհետաձգելի միջոցառումներ։ Այս պահի դրությամբ էլ քննիչները դեպքի վայրում կատարում են անհրաժեշտ գործողություններ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: