Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2024թ․ ապրիլի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ազգային ժողովի բակում Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով քաղաքական հարցերի շուրջ, Դ․Լևոնյանի կողմից որպես լրագրող երկու օր առաջ հրապարակված տեսանյութի կապակցությամբ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել նրա հասցեին և մեկ անգամ ձեռքով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ըստ հաղորդման՝ հարվածից լրագրողը վայր է ընկել, որի հետևանքով վնասվել է նրա ձեռքին եղած տեսախցիկը։
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դ․Լևոնյանը ճանաչվել է տուժող։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։