«Մեդիագրագիտության, կիբեռանվտանգության, կիբեռհանցավորության նոր միտումներն ու արդի մարտահրավերները» թեմայով դասընթաց Քննչական կոմիտեում (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի թիվ 35-Լ հրամանով տրված հանձնարարականի համաձայն՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների քննիչների համար կազմակերպվում են վերապատրաստման դասընթաց-սեմինարներ՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում և տիրույթներում գտնվող փաստական տվյալների (էլեկտրոնային ապացույցներ) ձեռքբերման հմտություններ ձևավորելու նպատակով:
2021թ. սեպտեմբերի 2-ին Քննչական կոմիտեում անցկացվեց չորրորդ դասընթացը՝ «Մեդիագրագիտության, կիբեռանվտանգության, կիբեռհանցավորության նոր միտումներն ու արդի մարտահրավերները» թեմայով, որը վարելու համար հրավիրվել էր տվյալ ոլորտի հեղինակավոր և առաջատար փորձագետներից՝ Սամվել Մարտիրոսյանը:
Բացման խոսքով ելույթ ունեցավ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ՝ Ռոբերտ Ադիլխանյանը: Վերջինս նշեց, որ Քննչական կոմիտեում կարևորվում է պետական և մասնավոր ոլորտների միջև կամավորության սկզբունքների վրա հիմնված գործընկերային համագործակցությունը, առանց որի բարձր տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ժամանակաշրջանում հնարավոր չէ ապահովել հասարակության հուսալի պաշտպանությունը կիբեռվտանգներից: Իսկ հասարակության մեդիագրագիտության բարձրացումն ու կիբեռհիգիենայի պահպանումը հանցագործությունների կանխարգելման ամենացանկալի միջոցն է:
Բացի դասընթացի թեմայից, Սամվել Մարտիրոսյանի կողմից հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեցին արտասահմանյան հաքերային խմբավորումների գործունեության առանձնահատկությունները: Տեղեկատվություն տրամադրվեց վերջին շրջանում նրանց հարձակումների թիրախների ու օգտագործվող գործիքակազմի վերաբերյալ:
Դասընթացի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով պատասխաններ են տրվել քննիչներին հուզող հարցերին: