Մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։
2022 թվականի հունվարի 19-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: