«Մեկ անգամ քննիչի աշխատանքի էությունը սիրելն ամբողջ կյանքի համար է»․ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Վազգեն Մամիկոնյան
«Քննչական կոմիտեի կազմում քննիչն անկախ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս և որոշումներ կայացնելիս, կաշկանդված չէ ոչ հետաքննության մարմնի և ոչ էլ որևէ այլ մարմնի դիրքորոշումներով»,-այս մասին Iravaban.net-ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում ասել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Վազգեն Մամիկոնյանը։
«Ներկայացնում է քննիչը» շարքը 2024թ․ ընթացքում իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի շրջանակներում։
-Պարոն Մամիկոնյան, այս տարի Քննչական կոմիտեն նշում է կազմավորման 10-ամյակը։ Քանի որ բոլոր 10 տարիներին ոչ միայն եղել եք համակարգում, այլ նաև համակարգի կայացման մասնակիցն եք, կարո՞ղ եք նշել երեք հիմնարար արդյունք, որոնք 10-ամյա հեռավորությունից արդարացնում են այս համակարգի ստեղծումը։
-Արդյունքներն ու ձեռքբերումներն այնքան շատ են, որ իրավամբ, դժվար է առանձնացնել դրանցից միայն երեքը, քանի որ ըստ էության, ստեղծվել, կազմավորվել և կայացել է լիարժեք նոր մարմին՝ նոր սկզբունքներով, նոր մոտեցումներով։
Ըստ իս՝ հիմնարար արդյունքներից մեկն այն է, որ Քննչական կոմիտեի կազմում քննիչն անկախ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս և որոշումներ կայացնելիս, կաշկանդված չէ ոչ հետաքննության մարմնի և ոչ էլ որևէ այլ մարմնի դիրքորոշումներով։ Մինչդեռ նախքան Քննչական կոմիտեի ստեղծումը, քննիչը, ով իրավասու էր հանձնարարություն տալ հետաքննության մարմնին, գործում էր հետաքննության մարմնի կազմում և հետաքննության մարմնի ղեկավարի ենթակայությամբ։ Ինձ հետ կհամաձայնեն իմ բոլոր այն գործընկերները, ովքեր քննչական մարմիններում աշխատել են նախքան Քննչական կոմիտեի ստեղծումը և աշխատում են Քննչական կոմիտեում, որ ահռելի տարբերություն կա այն պայմանների մեջ, որոնք կային մինչ Քննչական կոմիտեի ստեղծումը և, որոնք կան այժմ։ Թե ինչ պայմաններում էին աշխատում քննիչներն այն ժամանակ և ինչ պայմաններում են աշխատում այժմ։ Ներկայումս քննիչների համար ստեղծված են նյութատեխնիկական այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ աշխատանքի համար։ Այժմ քննիչը ստիպված չէ ժամանակ, ֆինանսական միջոցներ ծախսել աշխատանքի ընթացքում տարբեր նյութատեխնիկական խնդիրներ լուծելու համար։
Կցանկանայի նաև արձանագրել, որ Քննչական կոմիտեի ստեղծումից հետո շուրջ երեք և ավելի անգամ բարձրացել են քննիչների աշխատավարձերը, ինչը էական սոցիալական երաշխիք է՝ ուղղված ոչ միայն քննիչների սոցիալական դրության բարելավմանը, այլ նաև համակարգի կայունության ապահովմանը։
Միաժամանակ քննիչներն ունեն հնարավորություն՝ պարբերաբար անցկացվող դասընթացների շնորհիվ զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։
Քննչական կոմիտեն, որպես կուռ համակարգ, տասը տարիների ընթացքում պատվով հաղթահարել և շարունակում է հաղթահարել համակարգի առջև ծառացած բոլոր դժվարությունները։
-Ինչպիսի՞ն եք տեսնում Կոմիտեն հետագա 10 տարիներին։
-Հաշվի առնելով նախորդ տասը տարիների ձեռքբերումները, դրված հիմքերը, սկզբունքները՝ հետագա տասը տարիներին Քննչական կոմիտեն տեսնում եմ առավել պրոֆեսիոնալ, ուժեղ մարդկային ու նյութական ռեւսորսներով օժտված, միջազգային չափանիշներին համապատասխանող ու դինամիկ զարգացող համակարգ։
-Պարոն Մամիկոնյան, Ձեր կյանքի կեսը՝ 24 տարի անընդմեջ, իրավապահ համակարգում եք։ Այդ ընթացքում ինքներդ Ձեզ երբևէ չե՞ք «մեղադրել» ոլորտային փոփոխության չդիմելու համար, թե՞ միշտ այն համոզմանն եք եղել, որ ճիշտ տեղում եք։
-Իրավապահ համակարգում ծառայելը որքան հետաքրքիր է, նույնքան էլ դժվար է, բարդ և պատասխանատու։ Ոլորտային փոփոխության չդիմելու համար երբեք ինձ չեմ «մեղադրել»։ Բայց եթե անկեղծ լինեմ, եղել են այնպիսի պահեր, երբ ինքս ինձ հարց եմ տվել՝ իսկ կարո՞ղ էի ընտրել ավելի հեշտ մասնագիտություն, որը նաև ավելի հանգիստ ապրելակերպ կենթադրեր։ Սակայն միշտ այդ հարցին անմիջապես հաջորդել է տրամաբանական մյուս հարցը՝ ի՞նչ մասնագիտություն կընտրեի, եթե հնարավորություն ընձեռվեր ամեն ինչ սկսել նորից, սկզբից։ Եվ պատասխանը միշտ աներկբա նույնն է եղել․ կընտրեի նույն մասնագիտությունը։ Հենց դա է պատճառը, որ երբեք ինձ չեմ «մեղադրել» ոլորտային փոփոխության չդիմելու համար։ Երբևէ ինձ չեմ էլ պատկերացրել որևէ այլ ծառայությունում կամ աշխատանքում։
-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում 2001թ․-ից ի վեր մինչև հիմա ամեն օր ժամը 9-ին քննչական բաժին գալու և հիմնականում նախատեսվածից շատ աշխատելու համար։
-Մոտիվացնում է այն, որ սիրում եմ իմ մասնագիտությունը և իմ աշխատանքը։ Ներքուստ բավարարվածության զգացողություն եմ ունենում, երբ աշխատանքի արդյունքում բացահայտվում են հանցագործություններ, երբ շատ հաճախ անքուն գիշերների, թիմային ծանր աշխատանքի, ճիշտ պլանավորման, քննչական տակտիկայի և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված լիազորությունների կիրառմամբ ունենում ենք արդյունքներ, վերականգնվում է սոցիալական արդարությունը և ինչ-որ փոքրիկ լումա ես ներդնում երկրում քո պետության ներքին անվտանգության ապահովման գործում։ Պետությանն ու հասարակությանն օգտակար լինելու գործոնն է մոտիվացնող։
Ինչ վերաբերում է երկար տարիներ ամեն օր քննչական բաժին գնալուն և աշխատելուն, ապա՝ պետք է նշեմ, որ ոչ մի աշխատանքային օր նման չէ նախորդ օրվան։ Արտաքուստ ամեն ինչ նույնն է թվում, սակայն բովանդակությամբ խիստ տարբեր են։ Ամեն օր առնչվում ենք նոր հանցավոր դեպքերի հետ, լուծում նոր խնդիրներ։ Իմ գործընկերները նույնպես կփաստեն, որ մեկ անգամ քննիչի աշխատանքի էությունը սիրելը՝ ամբողջ կյանքի համար է, և ինչ-որ պահի այն դառնում է ապրելակերպ և ոչ թե աշխատանք։
-24 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել եք երկու տասնյակից ավելի խրախուսանքերի ու պարգևների՝ «Լավագույն քննիչ» կրծքանշան, տարբեր մեդալներ, տվյալ պաշտոնի համար նախատեսվածից բարձր դասային աստիճանի շնորհում․․․Ո՞րն է եղել Ձեզ համար դրանցից ամենակարևորը։ Առհասարակ՝ ինչի՞ց եք ավելի գնահատված զգացել։
– Բոլորն էլ հավասարապես կարևոր են ինձ համար, որովհետև յուրաքանչյուրի հետ կապված են թանկ հիշողություններ։ Այդ պարգևների մեծամասնությունը տրվել է կոնկրետ հանցագործությունների բացահայտման, մի մասն էլ՝ արդյունավետ աշխատանքի համար։ Բայց ինձ համար երբեք էական չի եղել կպարգևատրվեմ, թե ոչ, առավել ևս՝ ինչով կպարգևատրվեմ կամ ինչպես կխրախուսվեմ։ Ինձ համար միշտ ամենակարևոր գնահատականը իմ նկատմամբ վստահությունն է, որը միևնույն ժամանակ ամենապարտավորեցնողն է։
- 2 տարուց ավելի է՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնում եք։ Այդ ընթացքում, բաժնի աշխատանքի կազմակերպման, արդյունավետության բարձրացման առումով ի՞նչ հիմնական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք կարևոր են եղել ձեզ համար՝ որպես ստորաբաժանման ղեկավարի։
-Վերջին երկու տարիների ընթացքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել։ Քննչական բաժնի աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով հիմնական և ամենակարևոր փոփոխություններից մեկը քննչական բաժնի համալրումն է եղել բաժնի պետի տեղակալներով և նոր քննիչներով։ Անձնակազմի ավելացմանը զուգահեռ ավելացել են աշխատասենյակների քանակը, յուրաքանչյուր քննիչ ապահովվել է անհրաժեշտ բոլոր միջոցներով արդյունավետ աշխատանքի համար։ Կարելի է արձանագրել, որ ստեղծվել է հիմնովին նոր բաժին։ Այդ ամենին զուգահեռ կատարվել են նաև աշխատանքի կազմակերպման փոփոխություններ՝ հիմքում ունենալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի նորմերը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով սահմանված դրույթները։ Քննչական բաժնի բոլոր աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքը տվել է իր արդյունքները և հաղթահարվել են շատ մարտահրավերներ։ Դրանցից կցանկանայի նշել, մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 1-ին ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրառման հետ առաջացած դժվարությունները։
-Կա՞ն սահմանված նոր առաջնահերթություններ, նպատակներ, որոնց իրագործումը կարևորում եք բաժնի հետագա աշխատանքի համար։
-Ինչպես արդեն նշեցի, քննչական բաժնում կատարված կադրային, կազմակերպական փոփոխությունների և ամբողջ անձնակազմի ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում, չնայած ծանրաբեռնվածության աճին, ինձ համար ամենակարևոր ձեռբերումներից է նաև այն, որ բաժինը հոգեբանորեն պատրաստ են հաղթահարել, ինչպես գերծանրաբեռնվածությունը, այնպես էլ առօրյա աշխատանքում ծագող տարաբնույթ դժվարությունները։ Սա պետք է զարգացնենք։ Ինձ համար, որպես բաժնի ղեկավարի, կարևոր առաջնահերթություն է մեր աշխատակիցների կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով սահմանված կարգապահական և մյուս կանոնների խստիվ պահպանումը, ինչը միանշանակ, բաժնի հաջողության գրավականներից է։ Իմ կարծիքով ամեն ինչ սկսվում է կարգապահությունից ու պատասխանատվության զգացումից։ Մեր նպատակն է՝ իրականացնել որակյալ, պատշաճ նախաքննություն, դրա համար անդադար կատարելագորել մասնագիտական հմտությունները, նոր գիտելիքներով զինվել և լինել ժամանակի թելադրած պահանջների մշտապես համարժեք։ Ուժեղ մասնագետ և ուժեղ մասնագիտական թիմ, որոնք անհրաժեշտ կարգապահության և նվիրումի շնորհիվ կարող են իրենց տրված լիազորություններն իրականացնել առավելագույն օգտակարությամբ՝ ի շահ հասարակության և մեր հայրենիքի։
-Նախորդ տարվա արդյունքներով՝ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում քննված, դատարան ուղարկված վարույթները զգալի ավելացել են, ինչը ենթադրում է նաև քննիչների ծանրաբեռնվածության աճ։ Ի՞նչպես է սա անդրադարձել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողների աշխատանքային գրաֆիկի վրա։ Որպես նրանց ղեկավար ի՞նչ մարտավարություն եք կիրառում առկա ծանրաբեռնվածությունը հաղթահարելու համար։
-Այո, քրեական վարույթները զգալիորեն ավելանում են, ինչը ստիպում է մտածել, կիրառել նոր մեթոդներ, քայլել ժամանակի հետ։ Քննչական աշխատանքի արդյունավետության համար շատ կարևոր է յուրաքանչյուր վարույթի պլանավորումը, ինչին քննչական բաժնում մեծ ուշադրություն է դարձվում։ Մասնավորապես՝ յուրաքանչյուր քննիչ պլանավորում է իր վարույթները, դրանց ավարտման հնարավոր ժամկետները, բաժնի պետի տեղակալներն իրենց վերահսկողության տակ գործող քննիչների հետ միասին պլանավորում են նրանց վարույթները, որից հետո ներկայացնում են քննչական բաժնի պետին։ Միաժամանակ, չնայած նման վերահսկողությանը, երբեք որևէ քննիչ միայնակ չի մնում իր որևէ խնդրի հետ, բաժնի ղեկավարները ցանկացած հարցում օգնում և աջակցում են նրանց՝ մասնագիտական և գործնական բոլոր հարցերում։
Հաջորդ կարևոր մարտավարությունը թիմային աշխատանքն է՝ լինում են ծավալուն վարույթներ, կամ հնչեղություն ունեցող, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ, երբ անհրաժեշտ է լինում արագ և միաժամանակ կատարել մեծածավալ քննչական գործողություններ։ Նման դեպքերում ձևավորվում է քննչական խումբ և ամբողջ բաժինն աշխատում է մեկ մարդու պես։ Ոչինչ հեշտությամբ չի տրվում, բայց ինչպես ծանրաբեռնվածությունը, այնպես էլ բոլոր մյուս դժվարությունները հաղթահարելու համար շատ կարևոր է հոգեբանական մոտեցումը․ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում կա այսպիսի սկզբունք՝ «չեմ հասցնի», «չեմ կարող», «չի ստացվի» և նմանատիպ արտահայտություններ չկան։ Հարյուր պատճառաբանության փոխարեն գտնել մեկ ելք, թե ինչպես անել, որ ստացվի։ Մենք ձգտում ենք անել ամեն ինչ այդ սկզբունքով շարժվելու համար։
-2024-ի առաջին եռամսյակն ավարտվել է։ Կա՞ն բաժնի իրավասության մասով որոշակի ամփոփված տվյալներ թե՛ արձանագրված հանցագործության դեպքերի և թե՛ քննչական աշխատանքի հիմնական արդյունքների մասով։
-Այո, 2024 թվականի 1-ին եռամսյակի տվյալներն ամփոփվել են, և ի ուրախություն, պետք է նշեմ, որ ինչպես նախորդ եռամսյակների, այնպես էլ վերջին եռամսյակի ընթացքում քննչական բաժինը, չնայած ծանրաբեռնվածությանը, կարողացել է կատարել պլանավորված աշխատանքը և ունենալ լավ արդյունքներ։ Որպեսզի չծանրաբեռնեմ թվերով, միայն նշեմ, որ 2024 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում քննչական բաժնում քննվել է 457 քրեական վարույթ, որից 2-րդ եռամսյակ փոխանցվել է 178 քրեական վարույթ։
-Եվ վերջում մի քանի համառոտ հարց․ ղեկավար պաշտոն ստանձնելուց առաջ սխալվելու, թերանալու վախեր ունեցե՞լ եք․
-Վախեր չեմ ունեցել, բայց, ինչպես ցանկացած պատասխանատու անձ, առանձին հարցերում մտավախություն ունեցել եմ։ Բայց վստահությունն արդարացնելու ձգտումն ավելի մեծ է եղել։
-Կոլեկտիվին առաջնորդելու, քննչական բաժնի անդամների ուժեղ կողմերը հասկանալու Ձեր մեթոդները որոնք են․
-Սեփական օրինակով ցույց տալ, հետո միայն պահանջել․ չես կարող պահանջել մի բան, իսկ ինքդ անել դրա հակառակը։ Կատարված աշխատանքով են երևում և գնահատվում աշխատակցի ուժեղ կողմերը։
-Խորհուրդ, որ ստացել եք Ձեր ավագ գործընկերներից և առաջնորդվում եք առ այսօր:
-Երբեք չզբաղվել միջնորդություններով։
-Քննիչին հակացուցված երեք հիմնական հատկանիշ։
-Անազնվություն, անպատասխանատվություն, ինտելեկտուալ ցածր մակարդակ։
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:ա