Հարցազրույցներ
09.06.22, 05:51

Մեր աշխատանքում շատ կարևոր է ընդունվել հասարակության կողմից թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես մարդ․ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ

Մեր աշխատանքում շատ կարևոր է ընդունվել հասարակության կողմից թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես մարդ․ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ

Քննչական աշխատանքում շատ կարևոր է ընդունվել հասարակության կողմից թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես մարդ։ Iravaban.netի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում այս կարծիքն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սիմոնյանը։

– Պարոն Սիմոնյան, եթե փորձենք խոսել ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության գործունեության մասին և ընդհանուր գծերով նկարագրենք մարզային վարչության աշխատանքների հիմնական ուղղությունները, ապա ինչպիսի՞ պատկեր կստացվի:

– Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ շնորհակալություն եմ հայտնում քննիչի՝ անչափ կարևոր և պատասխանատու աշխատանքը լուսաբանելու և հանրությանը պատշաճ ներկայացնելու նախաձեռնության համար: ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները, այդ թվում՝ Արագածոտնի մարզային քննչական վարչությունը, ունեն օրենքով ամրագրված բազմաթիվ գործառույթներ, սակայն դրանցից ավելի կկարևորեմ օրինականության ապահովումը, ամրապնդումը, հանցավորության դեմ պայքարը, պետության և քաղաքացիների օրինական շահերի, վերջիններիս իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, և դրանց իրագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը: Ակնհայտ է, որ այդ ամենն ապահովելու միակ երաշխիքը արդյունավետ և որակյալ նախաքննություն կատարելն է, ինչը լայնածավալ գործընթաց է և բաղկացած է տարբեր ուղղություններից: Մասնավորապես. մեր կողմից ամենօրյա աշխատանքներ են տարվում քննիչների մասնագիտական պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի բարձրացման ուղղությամբ, քննարկման առարկա է դառնում ցանկացած քրեական գործ, նախաքննության արդյունավետության բարձրացման նպատակով վեր են հանվում տեղ գտած թերությունները, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ  ինչպես դրանք վերացնելու, այնպես էլ հանցագործություններ ծնող, դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու, պետությանն ու քաղաքացիներին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Աշխատանքները ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար պատշաճ մակարդակի վրա է գտնվում  համագործակցությունը ինչպես իրավապահ մյուս կառույցների, այնպես էլ՝ տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի հետ: Այդ, ինչպես նաև այլ ուղղություներում ունենք զգալի ձեռքբերումներ, չնայած որ դեռ կան շատ անելիքներ: Վերջին ժամանակներում զգալիորեն ավելացել է քննիչների ծանրաբեռնվածությունը,  սակայն, այդ ամենին կոլեկտիվ պատասխանատվությամբ մոտենալու արդյունքում, դրան զուգահեռ անհամեմատ ավելացել է նաև աշխատանքի արտադրողականությունը, ինչի մասին են վկայում արձանագրված ձեռքբերումներն ու ցուցանիշները: Եթե միայն նշենք, որ  2021 թվականի առաջին հինգ ամիսներին արտադրողականությունը կազմել է 66,2 տոկոս, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 73,1 տոկոս, ապա, կարծում եմ, պատկերն առավել քան ամբողջական կստացվի:

– Ի՞նչ են փաստում առկա վիճակագրական թվերն ու վերլուծությունները, Արագածոտնի մարզում ո՞ր հանցատեսակներն են առավել նկատելի ու առավել ընդգծված:

– Վիճակագրական թվերի և իրավիճակի վերլուծությունը մեր առաջնահերթություններից է, քանզի միայն այդ կերպ կարելի է գտնել խոցելի ոլորտները և ձեռնարկել թիրախային միջոցներ: Մասնավորապես. Արագածոտնի մարզի տարածքում մյուս հանցատեսակների հետ համեմատած մեծ թիվ են կազմում սեփականության դեմ ուղղված, ճանապարհային երթևեկության և  տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու արդյունքում կատարվող հանցագործությունները: Մենք` համագործակցելով մարզի իրավապահ մյուս կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանի հետ, մշակել և գործողության մեջ ենք դրել այդ հանցատեսակների նախականխումը և բացահայտումն ապահովող բազմաթիվ միջոցառումներ և ակնկալում ենք դրական արդյունքներ: 

– Ակնհայտ է, որ յուրաքանչյուր մարզ ունի իր առանձնահատկությունները, իր բնակիչների հոգեբանության յուրահատկությունները, այդ տրամաբանությունից ելնելով կցանկանայի հարցնել՝ Արագածոտնի մարզին հատուկ բնորոշումներն ինչպե՞ս են անդրադառնում մարզային քննչական վարչության աշխատանքների վրա:

– Դուք իրավացի եք և այդ առումով Արագածոտնի մարզը բացառություն չէ: Մարզի առանձնահատկություններից է պատմամշակութային հարուստ ժառանգությունը, մարզը բավականին սփռված է, ընդգրկում է Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի վարչական շրջանները: Թվարկածս յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իրենց ավանդույթներն ու սովորույթները, որոնք տիրապետելու և դրանց հարգանքով վերաբերվելու արդյունքում՝ այդ ամենը մեր աշխատանքներին անդրադառնում է բացառապես դրական իմաստով, ինչը նաև դրական է ընկալվում հասարակության կողմից: Մեզ համար անչափ կարևոր է նաև մեր կատարած աշխատանքի վերաբերյալ ձևավորված հասարակական կարծիքը: Մենք աշխատում ենք այն սկզբունքով, որպեսզի յուրաքանչյուրի համար ակնհայտ լինի, որ հանրության համար վտանգավոր արարք կատարած ցանկացած անձ անկասկած անպատիժ չի մնա, իսկ որևէ անմեղ մարդ չի պատժվի:

– Ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվում մարզային ստորաբաժանման գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար:

– Գիտենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ են դրվելու ՀՀ քրեական դատավարության և քրեական նոր օրենսգրքերը, որոնցով շատ ու շատ ընթացակարգեր տրամագծորեն տարբերվելու են գործող օրենսդրության կարգավորումներից և դա անկասկած առաջ է բերելու տարաբնույթ կազմակերպչական հարցեր. հետևաբար՝ մեր գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու, օրենսրությամբ Քննչական կոմիտեին վերապահված ոլորտում՝ պետության քաղաքականությունը լիարժեքորեն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կազմակերվում են ինչպես քննիչների, այնպես էլ՝ ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացներ: Մեր ամենօրյա աշխատանքին զուգահեռ ուսումնասիրում և յուրացնում ենք նոր օրենսդրությունը՝ քաջ գիտակցելով ինքնակրթման անհրաժեշտությունը: Ձեռնարկվում են նաև միջոցներ՝ մարզային վարչությունը նոր կադրերով համալրելու ուղղությամբ, որի արդյունքում հնարավորինս կնվազի քննիչների ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին անկասկած կնպաստի նախաքննության արդյունավետության բարձրացմանը: Ակնհայտ է, որ պետության կողմից մեծ ուշադրություն է դարձվում նաև քննիչների համար նոր սոցիալական երաշխիքների ապահովմանը, ինչը քննչական աշխատանքը մեծապես դարձնում է գրավիչ և նպաստում մեր համակարգի գործունեությանը:

– Ձեր կարծիքով մարզային հասարակության մեջ գործող իրավապահ ստորաբաժանումը, վերջինիս ղեկավարն ու աշխատակիցներն ինչպիսի՞ մարդակային ու մասնագիտական որակների պետք է տիրապետեն:

– Մեր աշխատանքում շատ կարևոր է ընդունվել հասարակության կողմից թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես մարդ. հատկապես շատ ենք կարևորում հասարակական կարծիքը և հանրության դրական ընկալումը մեր գործունեության նկատմամբ: Մենք պետք է լինենք այդ հասարակության գործուն միավորներից մեկը,  պետք է տեսնենք այդ հասարակության խնդիրները և ջանասիրաբար կատարենք այդ խնդիրների՝ օրենքով մեզ վերապահված մասի լուծմանն ուղղված գործառույթները:

– Ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում մարզում քննիչների աշխատանքը խրախուսելու, խթանելու ուղղությամբ:

– Մարզում քննիչի աշխատանքը ինչ-որ չափով տարբերվում է մայրաքաղաքում աշխատող քննիչի աշխատանքից: Այստեղ մեծ խնդիր է մարզի սփռվածությունը և գյուղական բնակավայրերի հեռավորությունը մարզկենտրոնից և քաղաքներից: Հետևաբար՝ մարզում քննիչների աշխատանքը խրախուսելու և խթանելու համար փորձում ենք ինչ-որ կերպ հեշտացնել քննիչի աշխատանքը: Մասնավորապես. համագործակցում ենք ոստիկանության հետ, տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումների hետ ծավալում միմյանց փոխլրացնող և աջակցող գործողություններ: Շատ կարևոր է նաև ղեկավար կազմի կողմից քննիչների աշխատանքի ճիշտ գնահատումը: Առավել բարձր և դրական ցուցանիշներ ապահոված քննիչներին խրախուսելու կամ առաջխաղացման ցուցակում ընդգրկելու համար համապատասխան միջնորդություններ են ներկայացվում Քննչական կոմիտեի ղեկավարությանը, որոնք հիմնականում բավարարվում են և նոր ու դրական լիցքեր հաղորդում քննիչների գործունեությանը:

– Ո՞րն եք համարում քննիչի հիմնական սկզբունքը:

– Ես շուրջ 11 տարի՝ մինչև 2006 թվականը, աշխատել եմ որպես քննիչ, եղել եմ ստորաբաժանման ամենաերիտասարդը, աշխատել եմ գիշեր-ցերեկ, ուժ ու եռանդ չեմ խնայել՝ աշխատանքս բարձր որակով և պատասխանատվությամբ կատարելու համար: Դրանից հետո, մինչ օրս, զբաղեցրել եմ տարբեր ղեկավար պաշտոններ, սակայն ոչ մի վայրկյան չեմ դադարել լինել քննիչ և վստահաբար կարող եմ ասել, որ քննիչը լոկ մասնագիտություն չէ, այն կոչում է՝ պատվավոր ու բարձր կոչում: Եվ, իմ խորին համոզմամբ, քննիչի հիմնական սկզբունքն իր այդ կոչմանը հավատարիմ մնալն է: 

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: