Լրահոս
    02.03.24, 12:04

    Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է

    Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են 2024 թ փետրվարի 29-ին 73-ամյա կնոջ առերևույթ սպանության հանգամանքները։

    Նշված օրը` ժամը 16-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկը, որտեղ, ըստ ահազանգի, հարազատների ներկայությամբ մահացել է 73-ամյա տանտիրուհին։

    Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ տան մահճակալի վրա հայտնաբերվել է կնոջ դի՝  գլխի շրջանում վնասվածքներով, իսկ ճակատային հատվածում՝ պատռված վերքով, արնանման հետքերով։

    Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական և այլ անհրաժեշտ փորձաքննություններ։

    Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ փետրվարի 29-ին՝ ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, կենցաղային հարցերի շուրջ 57-ամյա տղամարդը վիճաբանել է նույն տանը համատեղ բնակվող մոր հետ, որի ժամանակ հրել է նրան։ Մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը։

    Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մահացած կնոջ որդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։

    Դատարան ներկայացվելու անհրաժեշտութամբ պայմանավորված՝ որոշում է կայացվել նշված անձին ձերբակալելու մասին, և մարտի 1-ին վերջինս ոստիկանության ծառայողների կողմից վերջինս ներկայացվել է քննիչին և նրան ներկայացվել է մեղադրանք։

    Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

    Նախաքննությունը շարունակվում է։ Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։

    Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: