Լրահոս
29.05.24, 15:55

Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23–ին տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է  2024 թվականի ապրիլի 23-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, ճանապարհը փակելու կապակցությամբ իրականացվող ակցիաների շրջանակներում, մի խումբ անձանց մասնակցությամբ առերևույթ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գույքի վնասման և ֆիզիկական ներգործության  առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ Տավուշի մարզում իրականացվող ակցիաների շրջանակներում բազմաթիվ անձինք 2024թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը։ Դրա հետ կապված նշված տարածք են եկել 54-ամյա Յ Հ-ն, 31-ամյա Հ Կ-ն և այլ անձինք։  Յ Հ-ի և ճանապարհն արգելափակած անձանցից Ք Ա-ի միջև վեճ է սկսվել ճանապարհը բացելու հարցի շուրջ։ Ք Ա-ն, նրա որդին՝ Վ Ա-ն և այլ անձինք,  իրենց անձի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, իրենց հետ վիճողների և այլ ներկաների մոտ վախ առաջացնելու նպատակով, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ՔԱ-ն հարվածել է Յ Հ-ին,  ՀԿն և ՎԱն, անտեսելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որից հետո ՅՀն իր կողմնակիցների հետ հեռացել է տարածքից:

Այնուհետև՝ ժամը 12:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոցում ճանապարհը փակած քաղաքացիներին են մոտեցել ՅՀի կողմնակիցները՝ Ռ Ս–ի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով և փորձել անցնել այդ հատվածով, սակայն հավաքվածները թույլ չեն տվել առաջ ընթանալ։ Այդ ընթացքում Ք Ա-ն, իր անձի առավելությունները հերթական անգամ ցույց տալու նպատակով, հարակից տարածքից վերցրել է փայտ և հարվածել հիշյալ ավտոմեքենային՝ ստիպելով վերջինիս հետընթաց կատարելով հեռանալ այդտեղից:

Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Յ Հ-ն Կ Մ-ի և այլ անձանց հետ, իրենց առավելություններն ընդգծելու նպատակով, գնացել են Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում հավաքված՝ ճանապարհը փակած անձանց մոտ, մոտեցել Ս Ա-ին և իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, սկսել են հայհոյանքներ և  անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել Ս Ա-ի և նրա կողմնակիցների հասցեին: Դրանից հետո երկու կողմերը սկսել են քաշքշել միմյանց, հայհոյանքներ հնչեցնել՝ արհամարհելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները:

Խուլիգանական գործողությունները դադարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջամտության արդյունքում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 5 անձի մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանցից 1–ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3–ի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ 1–ի նկատմամբ՝ գրավ, վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: