Որոնվող 63-ամյա տղամարդու առերևույթ սպանության մեղադրանքով կալանավորվել է Կապանի բնակիչ․ վերջինսի տան բանկից հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված մարմինը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվում են Կապանի Բաղաբուրջ բնակավայրի 63-ամյա բնակչի առերևույթ սպանության հանգամանքները։
2024 թվականի ապրիլի 18-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ հայրը ապրիլի 13-ին գնացել է քաղաք Կապան ու չի վերադարձել։
Ստացված հաղորդման հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապրիլի 18-ին հայտնաբերվել է որոնվող տղամարդու կիսաայրված մարմինը՝ թաղված Կապանի բնակիչներից մեկի տան բակում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 63-ամյա տղամարդը ապրիլի 13-ին՝ ժամը 17-ից 18-ի սահմաններում, Կապանում հանդիպել է իր ծանոթին ու առաջարկել նրա տան բակում միասին օղի խմել։
Տանտիրոջ համաձայնությունը ստանալուց և միասին խմելուց հետո, 63-ամյա տղամարդը, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, խոսակցության ընթացքում անպարկեշտ արտահայտություններ է հնչեցել Կապանի բնակչի հասցեին, ինչից հետո վերջինս 3 անգամ հարվածել է նրա դեմքին։ Սակայն, վիճաբանությունը, կարճ ժամանակ անց հարթվել է։ 63-ամյա տղամարդը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, գիշերել է Կապանի բնակչի տանը։
Քննությամբ դեռևս ստուգման ենթակա տվյալներով՝ ապրիլի 14-ի առավոտյան տանտերը նրան գտել է մահացած վիճակում և վախենալով, որ վերջինս մահացել է իր հասցրած հարվածներից, որոշել է մարմինը թաքցնել։
Այդ նպատակով՝ այն տեղափոխել է իր տան հետնամաս, դիակը թողել մինչ այդ այգում իր կողմից վառած թփերի կիսաայրված զանգվածի վրա։ Ապա նկատելով, որ տղամարդու մարմինն այրվում է, փոս է փորել ու դիակը թաղել այնտեղ՝ հողի հետ դրա վրա լցնելով նաև այրված թփերի կիսամփոխրացած զանգվածը։
Սպանություն կատարած լինելու կասկածանքով, 2024թ. ապրիլի 18-ին Կապանի բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։