Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ երեք անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարան (լուսանկար)
Երեք անձի կողմից 2024 թվականի մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզում հաշվառված 56-ամյա Ա.Մ.-ն, Արարատի մարզում հաշվառված 51-ամյա Վ.Գ.-ն և Կոտայքի մարզում հաշվառված 39-ամյա Ս.Հ.-ն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած քաղաքականության, պետության ներքին ու արտաքին խնդիրներին տրվող լուծումների հետ, 2024թ․ մարտի 24-ին տեղեկանալով նույն հայացքներ ունեցող մի խումբ անձանց՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանում տեղափոխվելու մասին, նպատակադրվել են ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին և այնտեղ գտնվող այլ անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր վնաս պատճառելու, խոշոր չափերի գույք վնասելու վտանգով զուգորդված զավթել և պահել նշված բաժնի վարչական շենքը, կատարել պայթյուններ և այլ հանրավտանգ արարքներ, ստեղծել դրանց իրական սպառնալիք և այդ եղանակներով ահաբեկել բնակչությանը, նշված բաժնի ծառայողներին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և հանրային իշխանության ներկայացուցչներին հարկադրել ազատ արձակել ոստիկանության բաժին տեղափոխված իրենց համախոհներին, այնուհետև՝ իրականացնել իշխանափոխություն:
Մինչ այդ՝ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, հիշյալ անձինք, Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող գրասենյակից վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված և այդտեղ պահված, ռազմամթերք հանդիսացող 8 հատ ձեռքի մարտական նռնակներից վեցը, յուրաքանչյուրն իր մոտ պահելով 2 մարտական նռնակ, իսկ Վ.Գ.-ն՝ նաև սառը զենք հանդիսացող շեղբավոր որսորդական դանակներ, իրենց վերոգրյալ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, շարժվել են դեպի Երևան քաղաքի Բորյան 1 հասցեում գտնվող ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին:
Ճանապարհին՝ Նանսեն և Բորյան փողոցների խաչմերուկում, պարեկային ծառայողները, նկատելով կասկածելի և տարօրինակ վարքագծով դեպի ոստիկանության Նոր Նորքի բաժին քայլող վերոհիշյալ անձանց, ժամը 16:55-ի սահմաններում մոտեցել են վերջիններիս և փորձել են պարզել նրանց վարքագծի պատճառը, որից անմիջապես հետո նշված անձինք, ցուցադրելով իրենց մոտ գտնվող նռնակները, սպառնացել են պայթեցնել դրանք՝ պահանջելով չմոտենալ:
Այնուհետև, շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը, վերոգրյալ նռնակները ցուցադրաբար ձեռքերում պահած մուտք են գործել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք և սպառնալով պայթեցնել նռնակները՝ հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններին հարկադրել են բացել հերթապահ մասի դուռը, իրենց հանձնել բաժնում պահվող ծառայողական զենքերը, ազատ արձակել իրենց համախոհներին և դուրս գալ վարչական շենքից:
Ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են կատարել պահանջները, փորձել են հանդարտեցնել վերջիններիս։ Սակայն նրանք շարունակել են նռնակները պայթեցնելու սպառնալիքներ հնչեցնելով պնդել իրենց հակաօրինական պահանջները, քաշքշել ոստիկանության ծառայողներին, որի ընթացքում Ա.Մ.-ն գետնին է նետել նախապես մարտական վիճակի բերված «Ֆ-1» տեսակի նռնակը։ Դրա հետևանքով Վ.Գ.-ն և Ա.Մ.-ն ստացել են պայթյունաբեկորային ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են բժշկական կենտրոն, ինչպես նաև վտանգվել է ոստիկանության բաժնի ծառայողներին կյանքն ու առողջությունը, վնասվել են վարչական շենքի մուտքի դուռը, հերթապահ մասի պատուհանների ապակիները, պատերը, առաստաղը և այդ հատվածում գտնվող գույքը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Շարունակելով հանցավոր գործունեությունը և փորձելով ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը՝ Ս.Հ.-ն, վերցրել է նաև Ա.Մ.-ի և Վ.Գ.-ի մոտ առկա նռնակները, և պնդելով վերոգրյալ հակաօրինական պահանջները, շուրջ 2 ժամ նռնակները ձեռքերում պահած սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը, որից հետո վնասազերծվել և զինաթափվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:
Զինաթափման արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել են երկու հատ Մ52Պ3, մեկ հատ Ֆ-1 և մեկ հատ Մ75 տեսակի ձեռքի մարտական նռնակներ իրենց պայթուցիչներով:
Նախաքննության ընթացքում նկուղային հարկում գտնվող վերոհիշյալ գրասենյակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են հանցավոր արարք կատարած հիշյալ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք բերված, ռազմամթերք հանդիսացող երկու հատ Ֆ-1 տեսակի մարտական ձեռքի նռնակ, ինչպես նաև՝ Մ75 և ՈՒԶՌԳՄ-2 տեսակի ձեռքի նռնակի մարտական պայթուցիչ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա.Մ.-ին և Ս.Հ.-ին՝ 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
ՀՀ ՆԳՆ-ին պատճառված գույքային վնասի հատուցումն ապահովելու նպատակով 1.729.500 ՀՀ դրամի չափով արգելադրվել է Վ.Գ.-ին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: