Լրահոս
21.03.24,
13:57
Ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տևական ժամանակ, անձնական հարցի առնչությամբ, գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ:
Վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից ևս երկուս անձի ինքնություն, ովքեր սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են: Քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում ընկերներից մեկը և 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:
Իրականացված վարութային գործողություններով անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են իրավական գնահատականներ:
Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումներով պարզվել է նաև միջադեպի ժամանակ տուժողին մահակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով 21-ամյա երիտասարդի մեկ այլ ընկերն է, ում նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և հայտարարվել հետախուզում։
Քննությամբ նաև նոր հանգամանքներ են ի հայտ եկել. մասնավորապես, տվյալներ են ստացվել այն մասին, որ կողմերի միջև նախկինում տեղի է ունեցել նաև այլ միջադեպ, որը դարձել է վրեժի շարժառիթով 17-ամյա պատանու սպանության պատճառ: Դեպքին նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած այս և այլ միջադեպերի առնչությամբ ձեռնարկվում են քննչական, ապացուցողական և վարութային անհրաժեշտ միջոցառումներ:
Նախաքննության ընթացքում 21-ամյա մեղադրյալի բնակության վայրում, օրենքով սահմանված կարգով, կատարվել է խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը և փայտյա մահակը՝ չորացած արնանման հետքերով, ինչպես նաև՝ չորացած արնանման հետքերով հագուստներ։
Կատարվել են միջադեպի այլ մանրամասներ պարզելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ՝ առերես հարցաքննություններ, տեսագրության զննություններ, խուզարկությամբ հայտնաբերվածի վերաբերյալ նշանակվել են դատակենսաբանական դատաքրեագիտական, իսկ ավելի վաղ՝ նաև դատաբժշկական, դատակենսաբանական, դատամատնադրոշմային, համալիր դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ վերջինիս վերոհիշյալ ընկերոջը՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 21-ամյա երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է: Վերջինիս ընկերոջ նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: