Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի հրամանատարի տեղակալի կողմից նույն վաշտի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված ինքնաձիգից։
ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, վաշտի հրամանատարի տեղակալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: