ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս

Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, պարտավոր լինելով պատշաճ մակարդակով իրականացնել ՀՀ ԱՆ-ի կողմից ձեռք բերված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացումը, առանց պատշաճ հանձնման-ընդունման աշխատանքներ կազմակերպելու՝ 2020 թվականի հունիսի 17-ին ստորագրել է տնտեսվարող կազմակերպության կողմից մատակարարված թթվածնային թերապիայի 200 սարք ստանալու վերաբերյալ էլեկտրոնային հարկային հաշիվները, որոնց հիման վրա ԱՆ-ի կողմից կազմակերպությանը փոխանցվել է 75 մլն ՀՀ դրամ։
Արդյունքում, Դ․Ա․-ի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ ԱՆ-ի կողմից գնված թթվածնային թերապիայի 200 սարքերի բաշխումը ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններին ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից չի փաստաթղթավորվել, համապատասխան հաշվառում չի վարվել, ինչը հանգեցրել է նշված սարքերից 20-ի կորստյան։
Այսպիսով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, ինչպես նաև «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների» պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածում բժշկական կենտրոնները չեն ստացել նշված քանակի թթվածնային սարքեր:
Դ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը):
Դ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: