Քաղաքացին վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել առաջին ատյանի դատարանի 4 դատավորների հասցեին․ վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի բնակչի կողմից դատարանի և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Բարձրագույն դատական խորհրդից ստացված հաղորդումների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը քաղաքացիական մի գործի շրջանակներում Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից 2023 թվականի մարտի 15-ին համապատասխան որոշում կայացնելուց հետո, 2023թ. ապրիլի 14-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին հասցեագրված իր բողոքում անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել վերոնշյալ դատավորի հասցեին։
Բացի այդ, նույն անձն իր վերաբերյալ մեկ այլ քաղաքացիական գործով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 3 այլ դատավորների կողմից, իրենց լիազորությունների շրջանակներում համապատասխան դատավարական որոշումներ կայացնելուց կամ իրենց պաշտոնական լիազորությունը կատարելուց հետո, դատավորների պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2023թ․ մայիսի 4-ին ուղարկել է գրություն, որում ևս վիրավորական, անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել նշված 3 դատավորների հասցեին, ովքեր հանդես են եկել որպես դատարան։
Երկու դեպքում էլ արդարադատության հեղինակության դեմ ուղղված գործողություններ կատարելով՝ Արմավիրի մարզի բնակիչը, արդարադատության իրականացման արդյունքում որոշում կայացնելու՝ դատավորի պաշտոնեական լիազորության իրականացման առնչությամբ, դատարանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ)։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն այդ մասերով, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: