ՔԿ նախագահն ընդունել է «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրենին (լուսանկարներ)
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալին և փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրիին:
Հանդիպման ընթացքում կետ առ կետ քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունների ժամկետները և գործողությունների հաջորդականությունը:
ՔԿ նախագահը հատուկ շեշտել է, որ փորձաքննությունը պետք է լինի անաչառ. «Ակնկալում ենք անաչառ, անթերի, բարձր մասնագիտական փորձաքննություն, որը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները և որևէ մեկի մոտ հարցեր չառաջացնի»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
ՔԿ նախագահը «ԷԼԱՐԴ» ընկերության ներկայացուցիչներին բացատրեց փորձաքննության արդյունքների կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար և շեշտեց, որ ողջ գործընթացը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում:
Հայկ Գրիգորյանը շեշտեց, որ ամենօրյա կապ է պահելու փորձագիտական խմբի հետ՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:
«ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալը վստահեցրեց, որ ապահովելու են գերազանց ծառայություն. «Մենք գիտակցում ենք այս փորձաքննության կարևորության աստիճանը: Վստահեցնում եմ, որ մեր եզրակացությունը լինելու է օբյեկտիվ: Եվ հատուկ ուզում եմ նշել, որ մենք փորձաքննության համար հայտարարված մրցույթին մասնակցել ենք՝ վստահ լինելով, որ աշխատելու ենք առանց որևէ մեկի միջամտության»,- ընդգծեց Ռամեզ Կայալը:
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ «ԷԼԱՐԴ» ընկերության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումը շարունակվեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանի, ՀՀ ՔԿ դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանի, քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի գլխավորությամբ, որտեղ ևս քննարկվեցին մի շարք աշխատանքային հարցեր:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով հայտարարվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի մասին:
Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել միջազգային մասնագիտական ընկերություններ: Արդյունքում հաղթող էր ճանաչվել «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությունը, որը ՀՀ ՔԿ-ի հետ ստորագրել է պայմանագիր՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու, ինչպես նաև՝ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննության համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացուց հաղորդում էր ստացվել՝ «Լիդիան Արմենիա» Փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ:
Պարզվել է, որ «Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է ներկայացրել ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական սահմաններում գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, որի հիման վրա՝ 2016թ. ապրիլի 29-ին նշված ՊՈԱԿ-ի կողմից տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն:
Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։