ՔԿ վարույթ են ընդունվել «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող երկու դատապարտյալներ առերևույթ կազմակերպել են զանգվածային անկարգություններ՝ հրահանգել են հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված սնունդ բաժանող դատապարտյալներին չիրականացնել իրենց պարտականությունները, կոչ արել ՔԿ հիմնարկի կալանավորված անձանց ու դատապարտյալներին իրականացնել զանգվածային անկարգություններ:
Արդյունքում՝ ՔԿ հիմնարկի կալանավորները և դատապարտյալները, նշված անձանց հրահանգով, սկսել են զանգվածային անկարգություններ կատարել՝ ոչնչացրել և վնասել են գույքը՝ խցերի դռներին հարվածելով և խցերի կերակրադռնակները կոտրելով, խցերից վառվող առարկաներ են նետել հիմնարկի պահպանության տարածք, ինչի հետևանքով այրվել է խոտածածկ տարածքը, որը մեկուսացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից կանչված մեկ մարտական հաշվարկի կողմից: Բացի այդ, նույն ժամանակահատվածում ՔԿ հիմնարկի մերձակա տարածքում հավաքվել է շուրջ 30 ավտոմեքենա:
ՔԿ հիմնարկի մոտ հետագա կուտակումները հնարավոր է եղել կանխել՝ ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի ժամանման արդյունքում: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ իրականացված միջոցառումների արդյունքում՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՔԿ հիմնարկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները դադարեցվել են:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը և մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը՝ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ:
Նախնական տվյալներով՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում զանգվածային անկարգություններին մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:
Բացի այդ, անկարգություններ են տեղի ունեցել նաև ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿ հիմնարկում:
Այսպես՝ 2019թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿ հիմնարկի աշխատակցից զեկուցագրեր են ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:25-ի սահմաններում, երկու կալանավորներ, իսկ այնուհետև ժամը 19:00-ից մինչև 19:55-ն ընկած ժամանակահատվածում ՔԿ հիմնարկի բնակելի գոտու երկու մասնաշենքերում կալանավորված անձինք և դատապարտյալները խոչընդոտել են հիմնարկի բնականոն աշխատանքը՝ հայհոյել են, հարվածել խցերի դռներին, չեն ենթարկվել ՔԿՀ աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել խցերի դռներն ու դուրս եկել:
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Հարուցված երկու քրեական գործերով կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ՔԿ հիմնարկներում անկարգություններին մասնակցություն ունեցած կալանավորված անձանց ու դատապարտյալների շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը և գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին և ՔԿ հիմնարկների վարչակազմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: