Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) դեպարտամենտի՝ Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում ծրագրերի պատասխանատու Մարի Կուրթին, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը՝ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիի գլխավորությամբ։
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում իրականացվող ծրագրերին նոր թափ կհաղորդվի։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ դեսպանատան աջակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նյութատեխնիկական և մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը աչքի են ընկել առարկայական արդյունքներով։
Մասնավորապես ԱՄՆ աջակցությամբ ՀՀ ՔԿ-ում ներդրված կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների, էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման համակարգչատեխնիկական լաբորատորիայի շնորհիվ ձեռք են բերվել վարույթների համար էական նշանակության ապացույցներ։ Իսկ ԱՄՆ մասնագետների ներգրավմամբ իրականացված սեմինարների և դասընթացների ընթացքում տարբեր հանցատեսակներով նախաքննության իրականացման ոլորտում ձեռք բերած նոր փորձն ու հմտությունները բարձրացրել են քննիչների մասնագիտական հմտությունների մակարդակը։
Տիկին Կուրթը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ իրականացված նախագծերը շոշափելիորեն նպաստել են Քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության և նախաքնննությունների որակի բարձրացմանը, ինչը կարևոր նախադրյալներ է ստեղծում նաև այլ ծրագրերի նախանշման և իրականացման, համագործակցության ձևերի ընդլայնման համար։ Վերջինս Հայաստանի իրավապահ համակարգում բարեփոխումների կարևոր բաղադրիչ է հանդիսանում։
Մարի Կուրթը և Ալեքսիս Հաֆթվանը նաև գնահատելի են համարել ընտանեկան և գենդերային բնույթի հանցագործությունների քրեաիրավական պայքարում ՀՀ քննչական կոմիտեի ներդրումը, ինչպես նաև ԱՄՆ կողմից կազմակերպվող՝ հանցավորության դեմ միջազգային համագործակցությանը միտված տարբեր միջոցառումներին Կոմիտեի ակտիվ մասնակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի կարիքներից բխող այն առաջնային ուղղությունները, որոնցով համագործակցությունը զարգացնելու, նոր համատեղ ծրագրերի իրականացնելու հնարավորություններ կան։
Անդրադարձ է կատարվել նաև օրերս մեկնարկած՝ ԱՄՆ դեսպանատան հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման նոր ծրագրին։