Քննչական կոմիտեի ներկայացուցիչը մասնակցել է «Հանցավոր նպատակներով տեղեկատվական-հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման հակազդման վերաբերյալ» համապարփակ միջազգային կոնվենցիայի մշակման հարցերով Բաց կազմով ad hoc միջկառավարական կոմիտեի նստաշրջանին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Սասուն Գրիգորյանը 2022թ. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) հրավերով, մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած «Հանցավոր նպատակներով տեղեկատվական-հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման հակազդման վերաբերյալ» համապարփակ միջազգային կոնվենցիայի մշակման հարցերով Բաց կազմով ad hoc միջկառավարական կոմիտեի 3-րդ նստաշրջանին, որի ընթացքում քննարկվել են միջազգային համագործակցության, տեխնիկական աջակցության, կանխարգելիչ միջոցառումների, իրականացման մեխանիզմի և նախաբանի գլուխների դրույթներին վերաբերող հարցեր:
Հավելենք, որ հիշյալ միջկառավարական կոմիտեն ձևավորվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից, որի նպատակն է` մշակել «Հանցավոր նպատակներով տեղեկատվական-հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման հակազդման վերաբերյալ» համապարփակ միջազգային կոնվենցիա:
Նստաշրջանի ընթացքում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել Արգենտինայի, Ավստրալիայի, Կոստա Ռիկայի, Մարոկոյի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ։
ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչն իր ելույթներում ընդգծել է տարբեր միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի շրջանակներում միջազգային համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով վերջին շրջանում հանցավորության անդրազգային դրսևորումներն ու հանցագործությունների կատարման ընթացքում բարձր տեխնոլոգիաների կիրառումը։ Ոլորտին վերաբերող ակտիվ և բովանդակային քննարկումների ընթացքում տարբեր պետությունների ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց դիրքորոշումները՝ քննարկվող հարցերի կապակցությամբ:
Նստաշրջանի ընթացքում կարևորելով ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների քննարկումները` մասնակիցների մեծամասնությունն արձանագրել է Բուդապեշտի կոնվենցիայի՝ որպես ներկայումս գործող միակ և հիմնական միջազգային համագործակցության հնարավորություն տվող միջազգային պայմանագրի արդյունավետությունը։
Նշենք, որ «Հանցավոր նպատակներով տեղեկատվական-հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման հակազդման վերաբերյալ» համապարփակ միջազգային կոնվենցիայի մշակման հարցերով Բաց կազմով ad hoc միջկառավարական կոմիտեի հաջորդ՝ 4-րդ նստաշրջանը նախատեսված է անցկացնել 2023 թվականի հունվարի 9-20-ը՝ Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում։