Լրահոս
21.04.23, 10:51

Քննիչի կողմից առերևույթ կաշառք տալու վերաբերյալ տվյալներ են ստացվել. ՀՀ քննչական կոմիտեն փաստաթղթերն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Քննիչի կողմից առերևույթ կաշառք տալու վերաբերյալ տվյալներ են ստացվել.  ՀՀ քննչական կոմիտեն փաստաթղթերն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ։
 

ՀՀ քննչական կոմիտեում ներքին վերահսկողական գործիքակազմի անշեղ իրականացման արդյունքում քրեական մի վարույթի շրջանակներում առերևույթ  տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՔԿ-ում ինքնավար (քննիչի) պաշտոն զբաղեցնող անձն այցելել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 457-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող քննիչի աշխատասենյակ։ Հետաքրքրվելով  վարույթի ընթացքով՝ նա վերջինիս խնդրել է իր կողմից մատնանշած անձի օգտին որոշակի գործողություններ կատարել։
 

Մասնավորապես՝ նա խնդրել է քննությամբ հերքել ավտովթարի ձևացում տեղի ունեցած լինելու վերաբերյալ  ձեռք բերված տվյալները: Վարույթի նման ելքի՝ ավտովթարն իրականում տեղի ունեցած լինելու հանգամանքը հաստատվելու  և քրեական վարույթը կարճվելու դեպքում նա խոստացել է իր ներկայացրած անձի կողմից ապահովագրական ընկերությունից որպես պատճառված վնասի փոխհատուցում ստանալուց հետո այդ դրամական միջոցներից որպես կաշառք տալ վարույթն  իրականացնող քննիչին:
 

Նկատի ունենալով, որ վկայակոչված տվյալներն առերևույթ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալու հանցավոր արարք կատարված լինելու մասին՝ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
 

Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: