Լրահոս
22.12.16, 06:11

Քննիչների թեկնածուների՝ Արդարադատության ակադեմիան ավարտած շրջանավարտները ծառայության նշանակվեցին ՀՀ քննչական կոմիտեում (Լուսանկարներ)

Քննիչների թեկնածուների՝ Արդարադատության ակադեմիան ավարտած շրջանավարտները ծառայության նշանակվեցին ՀՀ քննչական կոմիտեում (Լուսանկարներ)

Դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի 19 ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։

Ավանդույթի համաձայն` դիպլոմների հետ միասին քննիչների թեկնածուներն ստացան նաև ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները և կանցնեն իրենց պաշտոնավարմանը։

«Արդեն 2 տարի է՝ նոր մշակույթ ենք ձևավորել և դիպլոմների հետ միասին հանձնում ենք նաև աշխատանքի նշանակման հրամանները։ Սա դարձել է պրակտիկա։ Ուրախալի է, որ այն դարձել է վարակիչ և արդեն այլ գերատեսչություններ ևս այն կիրառում են»,- շնորհավորելով շրջանավարտներին՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։

ՀՀ ՔԿ նախագահն ընդգծեց, որ քննիչի աշխատանքը պետական հատուկ ծառայություն է, որի յուրաքանչյուր գործողություն հստակ կանոնակարգված է օրենսդրությամբ և ցանկացած շեղում, խախտում կարող է էական նշանակություն ունենալ քրեական գործի համար, մասնավորապես՝ ապացույցները դառնան անթույլատրելի։

«Դուք գործ ունեք մարդկային ճակատագրերի հետ և չունեք սխալվելու իրավունք։ Ձեր աշխատանքը նման է վիրաբույժի գործունեությանը, ում ցանկացած սխալ քայլ վիրահատության ժամանակ կարող է վճռորոշ լինել մարդու կյանքի համար։ Քննիչի  կողմից գործի քննության ընթացքում թույլ տրված ցանկացած շեղում կարող է ճակատագրական լինել ներգրավված անձանց համար»,- խոսքն ուղղելով նորանշանակ քննիչներին՝ ասաց ՀՀ ՔԿ նախագահը և  նշեց, որ  յուրաքանչյուր քննիչ լավագույնս պետք է տիրապետի գործող օրենքի պահանջներին և խստորեն հետամուտ լինի դրանց պահպանմանը։