Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ֆիզիկական ներգործություն և խուլիգանություն կատարելու համար
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբում կռիվ է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով, որի շրջանակներում ձեռնարկված վարութային, քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ 2024թ. ապրիլի 20-ին՝ ժամը 01:00-ից մինչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում, նշված ակումբում, դրանից հետո՝ նաև ակումբին հարակից և բնակելի շենքերի տարածքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ն իր մի խումբ համախոհների հետ, անձնական հարցերի շուրջ, վիճաբանել է այլ անձանց հետ և ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, տևական ժամանակ աղմկել, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին՝ չենթարկվելով հասարակական կարգի խախտումը խափանել փորձող ինչպես նշված ակումբի անվտանգության աշխատակիցների, այնպես էլ՝ այլ անձանց հորդորներին:
Իրենց այդ հակաիրավական և հակաբարոյական գործողություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հիշյալ անձը և քննությամբ ինքնությունները չպարզված անձինք խոչընդոտել են ակումբի բնականոն աշխատանքը, տարածքում գտնվող անձանց մոտ վախի ու անհանգստության մթնոլորտ առաջացրել՝ խախտելով վերջիններիս անդորրը:
Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։
Նկատի ունենալով քննությամբ ձեռք բերված այս նոր հանգամանքները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:
2024 թվականի ապրիլի 23-ին Ոստիկանության ծառայողների կողմից վերոհիշյալ անձը ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթն իրականացնող մարմինը վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով /քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելը/ նախաձեռնված քրեական վարույթը, նույն անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, սույն թվականի մարտի 26-ին ուղարկվել էր դատարան, ներկա պահին գտնվում է դատաքննության փուլում, որով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել գրավը։
Ակումբում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ մասնակից մյուս անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: